image

Քույրը 3 տարի անց գտնում է եղբորը՝ Դեր Զորի անապատում. արխիվային լուսանկար

Քույրը 3 տարի անց գտնում է եղբորը՝ Դեր Զորի անապատում. արխիվային լուսանկար


Լուսանկարում  Հայոց ցեղասպանության տարիներին հայ ընտանիքներին բաժին հասած անմարդկային փորձություններից մի տեսարան է:  Որբացած, անօգնական ու անպաշտպան մնացած հայ ընտանիքները դատապարտվեցին մահաբեր բռնագաղթի: Դեպի սիրիական անապատներ ձգվող բռնագաղթի ճանապարհին շատերը մեռնում էին, կորցնում իրենց հարազատներին:

Այս լուսանկարում քույր ու եղբայր են, որ գաղթի ճանապարհին կորցրել են իրար և միայն երեք տարի անց գտել միմյանց Դեր Զորի անապատում:



Հայոց ցեղասպանության տարիներին կործանվեցին տասնյակհազարավոր հայ ընտանիքներ: Ամբողջական ընտանիքներ ու գերդաստաններ դաժանաբար բնաջնջվեցին: Ողջ մնացածները կորցրին իրենց կանանց, ամուսիններին, մայրերին, հայրերին, քույրերին ու եղբայրներին: Օսմանյան կայսրության վարած հայաջինջ քաղաքականության հետևանք էին ոչ միայն ջարդերը, բռնի տեղահանումը և հայրենիքի կորուստը, այլև հազարավոր որբերը:

Թուրքական հարեմներում հայտնված հայ կանանց մի մասը հրաժարվեց լքել իր նոր ընտանիքը, քանզի մանկահասակ երեխաներ ունեին և վստահ չէին ապագայի նոր փորձություններին դիմակայելու հարցում:

Ինչ վերաբերում է հրաշքով ողջ մնացած հայ մանուկներին, ապա նրանցից շատ քչերին հաջողվեց վերստին «դարձի բերել» դեպի հայություն:

«Աշխարհում չկա մի լեզու` բավականաչափ հարուստ ու գունեղ, որպեսզի նկարագրի նմանօրինակ սարսափները, որպեսզի արտահայտի այն մարմնական ու հոգեկան տառապանքները, որ կրել էին հայ անմեղ նահատակները, մինչև երկինքը հավիտենական հանգիստ կառաքեր նրանց ի վերուստ: Ահավոր ջարդերից մազապուրծ այդ մի բուռ թշվառ մարդիկ` իրենց բոլոր մերձավորների, իրենց համար թանկ էակների մահվան ականատեսները գտնվում են այնտեղ` գաղթակայաններում, և բարձրաստիճան թուրք պաշտոնյաների, գերմանացի սպաների ու ժանդարմների աչքի առջև ենթարկվում էին անարգանքի ու նվաստացման` դատապարտվելով կործանման...»:

Ժակ դը Մորգան
ֆրանսիացի պատմաբան

 

Լուսանկարի աղբյուրը՝ Հայաստանի ազգային արխիվի հավաքածու
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից