Hraparak.am-ին տուած հարցազրոյցի մէջ, «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեան ըսած է, թէ այս իշխանութիւնները կը շարունակեն «գաղտնի պայմանաւորուածութիւններու» ձեռագիրը։
«Այդ ձեռագիրը շարունակւում է, եւ սա իմ կամ ոեւէ մէկի ենթադրութիւնը չէ։ Կարող էք նայել ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահող երկրների արտաքին գործոց նախարարների վերջին համատեղ յայտարարութիւնը, որտեղ շատ յստակ արձանագրուած է այս փաստը։ Յիշեցնեմ՝ միջնորդ երկրների արտաքին գործոց նախարարները յղում էին անում 2020-ի Նոյեմբերի 9-ի յայտարարութեանը, 2021-ի Նոյեմբերի 26-ի Սոչիի յայտարարութեանը եւ այլ պայմանաւորուածութիւններին։ Ի՞նչ «այլ պայմանաւորուածութիւնների» մասին է խօսքը։
Միւս կողմից՝ նորից անդրադառնալով վերջին իրադարձութիւններին, չէր կարող ուշադրութիւն չգրաւել այն հանգամանքը, որ Պրիւսէլում երկուսով՝ Փաշինեանն ու Ալիեւը, փակ դռների ետեւում քննարկում են ունեցել։ Ի՞նչ են պայմանաւորուել, ինչի՞ շուրջ են համաձայնութեան եկել՝ չգիտենք, գիտենք միայն, որ Պրիւսէլից յետոյ Ալիեւը «կառուցողական» գնահատեց այդ ձեւաչափով հանդիպումը։ Ուշադրութեան արժանի է նաեւ Նիկոլ Փաշինեանի վերջին մամլոյ ասուլիսի ընտրուած ժամանակը։ Գիտենք՝ այդ օրը Ատրպէյճանի նախագահի ծննդեան օրն էր, որն էլ այն նշանաւորեց բռնագրաւուած Հատրութում նոր ռազմական միաւոր բացելով։ Ինչ է, սա է՞լ էր Ալիեւ-Փաշինեան «միասնական ուղերձներ» շարքից։
Այսինքն՝ այո՛, սա ձեռագիր է, որ բնորոշ է Փաշինեանին», ըսած է Վանեցեանը։