Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտուհի Լյուսի Իշխանյանը Music and Stars Awards միջազգային մրցույթում արժանացել է Ոսկե մեդալի: Այդ մասին տեղեկացանք մրցույթի կայքից, որտեղ նշվում է նաեւ, որ միջազգային այս մրցույթի կազմակերպիչն իսպանացի հայտնի դաշնակահար Կարլս Լաման է: Վերջինս, այս մրցույթից բացի հիմնադրել է նաեւ մի շարք այլ միջազգային մրցույթներ եւ փառատոներ, որոնց մասնակցում են տաղանդավոր երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից:
Լյուսի Իշխանյանը երաժշտություն է սովորում 4 տարեկանից, այժմ 15 տարեկան է, փոխադրվել է 11-րդ դասարան: Իր հաջողությունների համար Լյուսին պարտական է ինչպես իր ընտանիքին (որ փոքր տարիքից նրան ծանոթացրել է արվեստի աշխարհի հետ), այնպես էլ ուսուցչուհուն՝ Ռոզա Թանդիլյանին:

Վաստակավոր ուսուցչուհին՝ պրոֆեսոր Թանդիլյանն իր ողջ ուժերը ներդնում է լավագույն աշակերտներ պատրաստելու գործում, եղել է Առնո Բաբաջանյանի սաներից: Լյուսի Իշխանյանը տարբեր միջազգային մրցույթների է մասնակցել եւ միշտ դափնեկրի կոչում ստացել: Իսկ օրերս տաղանդավոր հայուհին London international music competition միջազգային մրցույթում արժանացավ երկրորդ մրցանակի: Նա մտադիր է շարունակել ուսումն այս ասպարեզում եւ ստանալ պրոֆեսիոնալ կրթություն:
