Մենք այսօր արցախցի պաշտոնյաների հետ գտնվում ենք այստեղ՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու 110 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցավոք սրտի, ականատես ենք նաև ցեղասպան գործողությունների շարունակականությանն ամբողջ աշխարհում, տարբեր երկրներում: Արցախի ժողովուրդը ևս զոհ է դարձել նման գործողությունների: Մենք իհարկե, դա դատապարտում ենք և տեսնում ենք, որ միջազգային հանրությունը չունի հստակ մեխանիզմներ դրանք կանխելու համար: Ցավոք սրտի, դա դեռ շարունակվում է մինչև այսօր:
Այս մասին Ծիծեռնակաբերդում Armlur-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնք գտնվում են Բաքվում, իրենք ցուցաբերել են կամային բարձր հատկանիշներ և մնալով որպես կենդանի պատանդ , ապահովել են խաղաղ բնակչության դուրսբերումը: Իրենք գիտակցելով են գնացել այս քայլին: Իմ կարծիքով, իրենք պատրաստ են դիմակայելու այս բոլոր գործողություններին, որ Ադրբեջանն իրենց դեմ կատարում է»,- նշեց նա՝ անդրադառնալով այսօր Բաքվում կայանալիք շինծու դատավարությանը:
«Մենք համարում ենք, որ այդ դատավարությունը որևէ իրավական հիմքեր չունի, շինծու է, և այդ շոուն, որն ապահովում է Ադրբեջանը, իրենց ներքին ներքաղաքական հարցերը լուծելու համար է»,- ավելացրեց Արցախի նախագահը: