image
Հրատապ լուրեր:

«Նրա անունն ու գործը հայ ժողովրդի հիշողության մեջ կմնան որպես բարոյական ուղենիշ և անշահախնդիր ծառայության օրինակ»

«Նրա անունն ու գործը հայ ժողովրդի հիշողության մեջ կմնան որպես բարոյական ուղենիշ և անշահախնդիր ծառայության օրինակ»

Հովհաննես Հովհաննիսյան, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր

«Խոր ցավով տեղեկացա եգիպտահայ նշանավոր մտավորական, ազգային արժեքների պահպանման նվիրյալ, հայոց լեզվի ու մշակույթի անաղարտության ջատագով Պերճ Թերզյանի մահվան մասին։ Պերճ Թերզյանը այն անձանցից էր, որոնց համար ազգային հիշողությունն ու պատմական գիտակցությունը կենսական արժեքներ են։ Տասնամյակների ընթացքում նրա հրապարակախոսական, գրախոսական և խոհական գրությունները դարձան Սփյուռքի ազգային կյանքի արժանահավատ վկայություններ՝ առանձնանալով մտքի ճշգրտությամբ, լեզվի մաքրությամբ և քաղաքացիական պատասխանատվությամբ։ 

Նրա գործունեությունն ու գրավոր ժառանգությունը կարևոր ներդրում են հայագիտության, սփյուռքագիտության և մշակութային ինքնության պահպանման գործում։ Երևանի պետական համալսարանը բարձր է գնահատում Պերճ Թերզյանի սկզբունքային այն դիրքորոշումը, ըստ որի՝ հայոց պետականությունը, կրթությունն ու ազգային դաստիարակությունը համարվում են համազգային ապագայի հիմնասյուները։ Նրա մտածողությունը՝ ձևավորված Սփյուռքի փորձառությամբ, սակայն մշտապես ուղղված դեպի հայրենիք, արժեքավոր դաս է բոլորիս համար։ 

Պերճ Թերզյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն եգիպտահայ համայնքի, այլև ողջ հայության համար։ Նրա անունն ու գործը հայ ժողովրդի հիշողության մեջ կմնան որպես բարոյական ուղենիշ և անշահախնդիր ծառայության օրինակ։

Երևանի պետական համալսարանի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին և նրան գնահատող բոլոր անձանց։

 Թող լուսավոր լինի նրա հիշատակը»։