Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասով հիմնական օրակարգը եղած է, թէ ինչպէս մենք կը կ'արենանք միջազգային մեքանիզմ ստեղծել, որ Լեռնային Ղարաբաղը եւ Ատրպէյճանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի մէջ ապրող հայերու անվտանգութիւնն ու իրաւունքները: Այս մասին այսօր` 12 հոկտեմբերին, Հանրային հեռուստաընկերութեան եթերին ըսած է ՀՀ Անվտանգութեան խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը:
«Էսկալացիայի (մագլցումի) հէնց առաջին րոպէներից Միացեալ Նահանգները ակտիւ (աշխոյժ) ներգրաւուածութիւն է դրսեւորել եւ առաջին զանգերից մէկը վարչապետն ունեցել է պետքարտուղար Պլինքընի հետ, եւ Միացեալ Նահանգները շարունակել են ներգրաւուած մնալ այս ամբողջ ընթացքում: Առաջին հանդիպումը եղել է արտգործնախարարների մակարդակով, երբ որ պետքարտուղար Պլինքընը կազմակերպել էր Հայաստանի եւ Ատրպէյճանի արտգործնախարարների հանդիպումը, այնուհետեւ ԱՄՆ նախագահի անվտանգութեան հարցերով խորհրդական Սալիւանը կազմակերպել էր իմ եւ Ատրպէյճանի նախագահի օգնականի, որտեղ հիմնականում քննարկել ենք Հայաստանի եւ Ատրպէյճանի յարաբերութիւններին վերաբերող մի շարք հարցեր, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասով հիմնական օրակարգը եղել է, թէ ինչպէս ենք մենք կարողանում միջազգային մեքանիզմ ստեղծենք, որպէսզի Լեռնային Ղարաբաղը եւ Ատրպէյճանը քննարկեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգութիւնն ու իրաւունքները: Մենք յոյս ունենք` ընթացքում կը կարողանանք ձեւաւորել այս միջազգային մեքանիզմը, որպէսզի հնարաւորութիւն ստեղծուի Լեռնային Ղարաբաղի եւ Ատրպէյճանի միջեւ քննարկումներ տեղի ունենան, ինչպէս նաեւ իրաւունքների եւ անվտանգութեան շուրջ»,-ըսած է ան:
Գրիգորեան յայտնած է, որ իրենք նաեւ քննարկած են խաղաղութեան պայմանագրի երթալու ժամկէտը, որ որոշուած է մինչեւ տարեվերջ, ինչպէս նաեւ սահմանազատման հարցը:
«Այսինքն մինչեւ տարեվերջ խաղաղութեան պայմանագիր ունենանք եւ նաեւ պայմանաւորուածութիւն է եղել, որ մինչեւ տարեվերջ դելիմիտացիա (սահմանազատում) է տեղի ունենալու, այսինքն խաղաղութեան պայմանագիրն ու դելիմիտացիան փոխկապակցուած են: Հայաստանի մտահոգութիւնն այն է, որ Ատրպէյճանը խաղաղութեան պայմանագրից յետոյ, այսպէս կոչուած չդեմիլտացուած սահմանի պատրուակը կարող է օգտագործել Հայաստանի վրայ յարձակվելու համար, դրա համար քննարկուել է այս հարցը: Շարունակում է օրակարգում Ատրպէյճանի զօրքերի դուրսբերումը Հայաստանի սուվերեն (ինքնիշխան) տարածքից, նաեւ քննարկել ենք ապաշրջափակումը, այստեղ կարեւոր հարց է, որ Հայաստանում եւ տարածաշրջանում, ինչպէս նաեւ Ատրպէյճանում ապաշրջափակումը տեղի է ունենալու փոխադարձութեան սկզբունքի հիման վրայ: Գիտէք, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է այն, որ որեւէ հարց մենք չենք քննարկելու, որն ունի միջանցքային տրամաբանութիւն եւ մենք շարունակում ենք պնդել, որ ապաշրջափակում պէտք է տեղի ունենայ սուվերենութեան սկզբունքի վրայ եւ փոխադարձութեան»,-ըսած է ան:
Անվտանգութեան խորհուրդի քարտուղարը նշած է, որ քննարկած են վերջին յարձակման ընթացքին 17 գերիներու վերադարձը, ինչպէս նաեւ աւելի վաղ հաստատուած 33 հայ գերիներու վերադարձը: