image

«Միայն թէ Փաշինեանը թող լռէ». Վարդան Օսկանեան «լուծումներ» ունի

«Միայն թէ Փաշինեանը թող լռէ». Վարդան Օսկանեան «լուծումներ» ունի

Եթէ իշխանութիւնները այսօր ի վիճակի չեն Արցախի հարցով այլընտրանքի մասին խօսելու, սա այնպիսի ազգային գոյատեւական խնդիր է, որ անոնք պէտք է համարձակութիւն ունենան բանակցութիւնները յանձնարարեն այլոց: Այս մասին, 4 յուլիսին, Կեդրոն վարչական շրջանի նստավայրին մէջ «Հայաքուէ» նախաձեռնութեան ստորագրահաւաքին միանալէ ետք լրագրողներու հետ զրոյցին նշած է Արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեանը:

«Եթէ այսօր լիազօրութիւն տրուի ինձ, մի խումբ դիւանագէտների, ես վստահեցնում եմ ձեզ, 2-3 ամսուայ ընթացքում կտրուկ կարելի է իրավիճակի մէջ փոփոխութիւն մտցնել: Բայց այստեղ մի քանի նախապայման կայ. այդ լիազօրութիւնը պէտք է լինի 100 տոկոսանոց: Երկրորդ, Փաշինեանը երեք ամիս պէտք է լռի, ուղղակի չխօսի ոչ մի տեղ: Այնքան վնաս, ինչքան Հայաստանին ու հայ ժողովրդին տրուել է Փաշինեանի խօսելու արդիւնքում, նման այլ բան չկայ: Փաշինեանի խօսելը մեր գլխին բերել է պատերազմ, պատերազմից յետոյ Փաշինեանը խօսելը այդ ամէնն աւելի է խորացրել: Այսօր նրա խօսելը աւելի է բարդացնում իր վիճակը եւ օրէցօր աւելի է դժուարացնում իրավիճակ փոխելը»,-ըսած է Օսկանեանը:

Այնուհետեւ ան մանրամասնած է իր առաջարկը. «Առաջինը, որ լիազօրութիւն տրուի մի խումբ դիւանագէտների եւ ես պատասխանատւութիւն կը վերցնեմ այդտեղ 2-3 ամսում կտրուկ իրավիճակ փոխելու: Այդ բանակցային խումբը հիմնական մի քանի բան է անելու: Առաջին, շատ արագ պէտք է փոխել բանակցութիւնների տրամաբանութիւնը եւ նարատիւը: Մենք բանակցում ենք ոչ թէ անարդար պատերազմի արդիւնքում ստեղծուած ոչ հաւասար պայմաններում ինչ-որ հապճեպ, պատերազմի սպառնալիքի տակ գնալ հարցի լուծման՝ խաղաղութեան պայմանագիր ստորագրելով, այլ մենք մտնում ենք բանակցութիւնների մէջ, այո, անարդար պատերազմի արդիւնքում, ոչ հաւասար պայմաններում որոնելու այն ճիշդ ճանապարհները, որը հնարաւորութիւն կը ստեղծի Հայաստանին եւ Ադրբեջանին հասնելու արդար ու կայուն խաղաղութեան: Այս նուրբ տարբերակումը պէտք է արուի եւ դա առաջին կարեւոր քայլն է բանակցային նարատիւը փոխելու համար:

Երկրորդ, պէտք է ընդլայնել այսօր առկայ բանակցային օրակարգը: Այսօր բանակցային օրակարգում հայկական պահանջ չկայ, այնտեղ կան միայն Ադրբեջանի պահանջները: Հայկական պատուիրակութիւնը Վաշինգտոնում եւ այլուր բանակցում է միայն ու միայն Ադրբեջանի պահանջներին այնպիսի փաթեթաւորում տալ, որը ընկալելի կը լինի հայ ժողովրդի համար: Այսինքն գան ասեն՝ դա այդպէս չէ, սա նշանակում է, որ դեռեւս ինչ-որ յոյսեր կան: Ընդամէնը աշխատում են, որ Ադրբեջանը պահանջները բաւարարած լինելով հանդերձ, այնպիսի փաթեթաւորում տան, որ հայ ժողովրդի համար ընկալելի լինի: Ադրբեջանը նոյնիսկ դա թոյլ չի տալիս: Ադրբեջանն ուզում է իր պահանջներն այնպէս գրուեն, որ տարաբնոյթ մեկնաբանութիւնների հնարաւորութիւն էլ չլինի: Այսօր  բանակցութիւնները գնում են դրա շուրջ»,-ըսած է Արտաքին գործոց նախկին նախարարը: