image

«Մեզ մենակ չթողնէք». Կարին Տօնոյեան

«Մեզ մենակ չթողնէք». Կարին  Տօնոյեան

«Համախմբում» նախաձեռնութեան անդամ, 44-օրեայ պատերազմին զոհուած Մենուա Յովհաննիսեանի մայր Կարին Տօնոյեանը ֆէյսպուքեան էջով գրեած է․ «Դիմում եմ բոլոր խիղճ ու հոգու պարտք ունեցող հայերին․

Սիրելի հայրենակիցներ, արդէն տեւական ժամանակ է, որ մենք` զոհուածների ծնողներս, փորձում ենք արդարադատութեան միջոցով ստանալ մեզ  յուզող գոնէ 2 հարցի պատասխան`ովքե՞ր դաւաճանեցին մեր հայրենիքին եւ ովքե՞ր սպաննեցին մեր զաւակներին:

Տեղեկացնելով, որ մինչեւ վերջերս յարուցուած որեւէ քրէական գործով, օրէնքի կոպիտ խախտումով դատախազութիւնը տուժող կողմ չէր ճանաչել, տուժողի կարգավիճակ չէր տուել 5000 զոհուածներից, 12 000 վիրաւորներից եւ բազմահազար տեղահանուածներից եւ ոչ մէկին, անընդունելի ենք համարում այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանի դատաւոր Կարէն Բիշարեանի (որի նշանակումը նոյնպէս կատարուել է օրէնքի ակնյայտ խախտմամբ` ոչ ելեկտրոնային տարբերակով, ոչ էլ այբբենական ցանկով) կողմից քամահրական վերաբերմունքով հարցադրումը մեղադրող կողմի` մեզ երրորդ անձի կարգավիճակ տալու միջնորդութեանը, թէ այդ ինչ պիտի ասեն զոհուածների ծնողները, որ մեղադրող կողմը չի նշել կամ չի նշելու....

Այս բացայայտ քամահրանքին մի քանի ծնողի արդարացի վրդովմունքը վերաճեց վիճաբանութեան, որի արդիւնքում դատաւորը որոշեց բոլոր ծնողներին եւ լրատուամիջոցներին նոյնպէս զրկել դատավարութեանը մասնակցելու իրաւունքից եւ յայտարարեց, որ այդուհետ կը տարուեն դատական դռնփակ նիստեր: 

Սա մենք` ծնողներս, դիտարկում ենք որպէս ակնյայտ անյարգալից վերաբերմունք մեր նկատմամբ եւ մեր` տուժողներիս իրաւունքների խախտում, ինչպէս նաեւ նիկոլիզմին յատուկ միտում` գաղտնի դատավարութեամբ քօղարկել կատարուած դաւաճանութեան բացայայտուելիք դրուագների սահմռկելիութիւնը, թաքցնել ճշմարտութիւնը եւ անդառնալի դարձնել իրականացրած որոշումները:

Ուստի Մայիսի 26-ին ժամը 11-ին ծնողներով կը դիմենք  ՀՀ Բարձրագոյն դատական խորհրդին` ԲԴԽ-ին (հասցէ` Կորիւնի 17) եւ կը պահանջենք, հաշուի առնելով այս դատական գործի կարեւորութիւնը եւ ծնողներիս հոգեբանական ծայրայեղ ծանր ու սահմանային վիճակը, չեղարկել այդ որոշումը եւ դատավարութիւնը շարունակել դռնբաց կարգով, թոյլատրելով եւ ծնողներին, եւ լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաեւ այդ նիստերի հասանելիութիւնը հանրութեանը:

Բոլոր նրանց, ում համար կարեւոր է մեր երկրում արդարադատութեան յաղթանակը, ով իր հոգում պարտք ունի մեր նահատակ զաւակների առջեւ, խնդրում ենք վաղը լինել մեր կողքին եւ միասին պայքարենք յանուն արդարութեան` բացայայտելու ՀՀ-ի դէմ գործած պետական դաւաճանութիւնն իր ողջ անողոքութեամբ:

 Մեզ մենակ չթողնեք»: