image

Մենք կկերտենք մի «նոր Արցախ», բայց նախ կերտե՛նք մեր հավատը

Մենք կկերտենք մի «նոր Արցախ», բայց նախ կերտե՛նք մեր հավատը

Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութեան (ԱՀԱԸ) Հայաստանի մասնաճիւղի Տնօրէն Արեն Տէյիրմենճեանն գրում է 

Ամեն ինչ այնքա՜ն արագ կատարվեց: Արցախը հաշված օրերի ընթացքում բռնի կերպով դատարկվեց հայ բնակչությունից։ Ըստ նախկին պաշտոնյա Արտակ Բեգլարյանի՝ այնտեղ «մի քանի հարյուր» հոգի է մնացել. բնակավայր, որտեղ դարեր շարունակ հարյուր քսան հազար բնիկ հայ է եղել, էլ չկա, մարդիկ տեղահանվել են, աքսորվել: Տները հրկիզվել են, քաղաքի հրապարակները ավերակների վերածվել, երազանքները փշուր-փշուր են եղել: Արցախի երազանքը հօդս է ցնդել։

Մյուս կողմից Կոռնիձորի անցակետով հազարավոր մարդկանց ներհոսքը Հայաստան. ոմանք ճանապարհին 3 օր էին անցկացրել։ Քչերն էին, որ չէին ակնկալի այս ամենը 10 ամիս ձգվող սովից հետո, որը վայրագ հարձակմամբ հասավ իր գագաթնակետին: Բայց ոչ այսպես. ոչ այսքան արագ, ոչ այսքան արհամարհաբար եւ հանդգնորեն, ոչ անտարբեր աշխարհի մշտարթուն աչքի առաջ:

AMAA-ն կրկին տեղում էր ամեն քայլափոխին, յուրաքանչյուր քաղաքում եւ ապաստանի գոտում: Մենք արդեն վարժվել ենք: Բայց սա նախադեպը չունեցող ու նախկինում չտեսնված մի բան էր։ Արցախի մեր ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանն այս ամենը որակեց «շատ ավելի վատ, քան 2020 թ. 44-օրյա պատերազմը»։ Մարդիկ հյուծված ու ջախջախված էին, բայց այս անգամ թվում էր, թե նրանք նաեւ կորցրել են իրենց հավատը՝ աշխարհի, մարդկության, իրենց ազգի հանդեպ։

Նրանք այն նույն մարդիկ էին, ովքեր մի քանի օր առաջ, երբ ադրբեջանական զորքերն արդեն քաղաքի ծայրամասերում էին, գտնվում էին AMAA-ի գրասենյակում՝ ծառայելով իրենց հայրենակիցներին։ Կիրակի օրը նրանք իրականացրին Հայ Ավետարանական եկեղեցու վերջին պաշտամունքը, երբ բնակչությունն արդեն խուճապի մեջ էր։ Նրանք օգնություն եւ խնամք էին ցուցաբերում մինչեւ ուշ գիշեր, երբ տարհանումն արդեն սկսվել էր։ Որեւէ մեկը ո՛չ թելադրել էր նրանց, եւ, իհարկե, ո՛չ էլ պարտադրել. ահա թե ովքեր էին նրանք այսքան տարի անց:

1995 թ.-ին AMAA-ն ոտք դրեց Արցախ՝ հասարակության մեջ բացառիկ անհատներ աճեցնելու առաքելությամբ: Մարդիկ, ովքեր սիրում էին Աստծուն, ովքեր հոգ էին տանում ուրիշների եւ իրենց ազգի մասին: Արցախում մեր վերջին օրերը եզրափակվեցին այս տեսլականի իրագործմամբ։

Մինչ AMAA-ի ընտանիքից անսահման աղոթքներ էին հնչում անցյալ շաբաթվա «Աղոթի՛ր եւ գործի՛ր» առցանց հանդիպմանը, ինձ շարունակ չէր լքում այն միտքը, որ հույսով եւ վճռականությամբ մենք նոր «Արցախներ» կստեղծենք եւ կբարձրացնենք հավատարիմ ծառայողների նոր սերունդներ։

Մինչդեռ առայժմ մենք սգում ենք՝ տակավին փորձելով նորոգել մեր հավատը:

«… զարկված ենք, բայց ո՛չ կործանված…
Դրա համար չենք վհատվում»
Բ Կորնթ. 4. 9բ, 16ա

 

Արեն Դեյիրմենջյան 

AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն