Մայիսի 7-ին Մարտունու Արթուր Աղասյանի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ սփյուռքահայ երգիչ, երգահան Ափօ Սահակեանի համերգը:
Համերգը կազմակերպվել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի հետ համագործակցությամբ:
Համերգին բացման խոսքով հանդես եկան Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հանրային կապերի համակարգող Ռուբէն Ճամպազեանը:
Մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում Հ.Ավագյանը նշեց. « «Ե′կ աշխարհը պիրինք Արցախ» նախաձեռնությունը կյանքի է կոչվել, որպեսզի աշխարհի տարբեր ծագերում, ինչպես նաև Հայաստանում ապրող շնորհալի հայ մարդկանց (տաղանդավոր երիտասարդներ, մտավորականներ, արվեստագետներ, կրթության և գիտության ոլորտի ակնառու դեմքեր) ժամանակ առ ժամանակ տարբեր ծրագրերի շրջանակներում բերեն Արցախ, հանդիպումներ, միջոցառումներ կազմակերպեն և ցույց տան աշխարհին, որ թեկուզ այսօր Արցախը մի բուռ է մնացել, բայց կա արցախցին, ով ապրում ու արարում է այստեղ: Այս նախաձեռնությունը նպատակ ունի դառնալ մի յուրահատուկ կամուրջ Արցախի ու Հայաստանի, Արցախի ու աշխարհի, Արցախի ու սփյուռքի և հայ մարդու միջև առհասարակ: Այդ ծրագիրը մեկնարկել է Ափօ Սահակեանի համերգով և այն շարունակական բնույթ կկրի»:

Ափօ Սահակեանը երգիչ, երգահան է: Նա պարբերաբար տարբեր համերգներով հանդես է գալիս Հայաստանում ու Արցախում:
«Նրա կերպարն այնքան համեստ է, որ դու չես մտածում նրա հայտնի լինելու մասին, մտածում ես նրա հայ լինելու մասին: Եվ շատ ոգևորիչ է, որ նրա համերգը հենց մեկնարկեց մեր մարտական, ուժեղ կամքով Մարտունուց, որը միշտ հավատարիմ է իր տեսակին: Թշնամուց մի քանի քայլ այս կողմ մեկնարկելով այս համերգը, նպատակ ունենք նաև ասելու, որ այն ապրելու ղողանջ է, որ Մարտունիում, Արցախում ապրում, շարունակում է պայքարել և իր հողին կառչած մնալ հայը»,- ներկայացրեց Հ.Ավագյանը հավելելով՝ թեև Ափօ Սահակեանը համեստորեն լռում է, բայց նա պատերազմի օրերին կամավոր եկել և 35 օր եղել է Արցախում, իր հմտություններով փորձել օգտակար լինել:
Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵ հարցերի բաժնի վարիչ Անի Խաչատրյանն իր տպավորություններով կիսվեց Ափօ Սահակեանի հետ և մասնավորապես նշեց. «Ինչպես անձրևից հետո հողը պարարտանում է, այնպես էլ քո համերգից հետո մեր հոգիները պարարտացան»:
Ա.Սահակեանի համար շատ ոգևորիչ էր նաև այն, որ համերգին մեծ մասնակցություն են ունեցել դպրոցականները, ինչը վկայում է այն մասին, որ մեր սերունդը հետաքրքրված է հայկական մշակույթով և իր արմատներով:
Համերգային ծրագրերին իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև «Կինի Ստեփանակերտ» սրճարանը, Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնը, «GG» տաքսի ծառայությունը: