image

Մահացել է արցախցի բանաստեղծ, լրագրող Սերժ Առաքելյանը

Մահացել է արցախցի բանաստեղծ, լրագրող Սերժ Առաքելյանը

Արցախի Գրողների միությունը հայտնում է, որ կյանքից հեռացել է արցախցի բանաստեղծ, հրապարակախոս, իր երկրի ու հողի նվիրյալ զավակ Սերժ Առաքելյանը։ 

Սերժ Առաքելյանը ծնվել է 1948թ. նոյեմբերի 17-ին, Արցախի Մարտունու շրջանի Խերխան գյուղում:

Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է Բաքվում՝ հայերենով հրապարակվող «Կոմունիստ» թերթի խմբագրությունում: 1988 թ.-ին տեղափոխվել է Երեւան: Աշխատել է տարբեր թերթերի եւ ամսագրերի խմբագրություններում: 1994-2004 թվականներին ծառայել է հայոց ազգային բանակում` որպես զինվորական լրագրող: Պահեստազորի մայոր է: Հեղինակել է բանաստեղծական եւ արձակի 6 ժողովածու, ինչպես նաև բազմաթիվ ակնարկներ ու հրապարակախոսական հոդվածներ: Արցախի գրողների միության անդամ է:

 

ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԶՈՐԱՎԻԳ ԵՂԻՐ

Տե՛ր, Արցախն իմ մի բուռ

Սուգ է հագել նորից,

Հեծեծա՜նք է այնտեղ

Ու տնքոց է ցավի...

Այնտեղ դեղին ծուխ է

Ելնում վիհ ու ձորից,

Փակում լույսով ծփող

Հովիտներն իմ ծավի։

Որոտմունք է այնտեղ

Ու արճիճի շառաչ,

Քարափներիս զարկվող

Մրրիկներ են վայրի...

Աղոթք է ծնկաչոք,

Խոնավ ու ձիգ հառաչ

Ու ծաղիկ է լլկվող,

Ա՜խ, ծննդավայրի։

Ակութներ են մարող՝

Սեւ հեղեղին մատնված

Ու կանչեր են ցավոտ,

Ու ձայներ են լացի,

Ու լեզվակ է զանգի

Դավի ձեռքով հատված,

Արտասուք է ու ճիչ

Այրվող լուսաբացի...

Ու զինվոր է հանգչող

Բարձունքի ցուրտ լանջին՝

Լուսաբացն այդ

Փակվող կոպերի տակ առած.

Բռունցքի մեջ հող է՝

Գորո՜վ է մոր կանչի,

Իսկ շուրթերին ցասում 

Ու խռովք է մարած։

- - - - - - - - - - - - -

Տե՛ր, Արցախն իմ մի բուռ...

Սի՜րտ է նա ծվատվող՝

Թունոտ ու արնամած

Նեռի սկուտեղին...

Հեծեծանք է այնտեղ

Ու ջղե՜ր են հատվող,

Սատար եղիր, Տե՛ր իմ,

Ու զորավիգ եղիր...

 

06.11.2020 թ.