image

Լույս է տեսել «Արամ Խաչատրյան» անգլալեզու, պատկերազարդ ժողովածուն

Լույս է տեսել «Արամ Խաչատրյան» անգլալեզու, պատկերազարդ ժողովածուն

Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ լույս է տեսել «Արամ Խաչատրյան» անգլալեզու, պատկերազարդ ժողովածուն, տեղեկանում ենք կոմպոզիտորի տուն-թանգարանից: 

Ժողովածուն ամփոփում է աշխարհահռչակ կոմպոզիտորի կյանքը, նրա ստեղծագործական գործունեությունը, շրջագայություններն ու համերգները, ինչպես նաեւ հանդիպումները մեծանուն մարդկանց հետ:

Այն գրված է առաջին դեմքով. Մաեստրոն ինքը իր խոսքերով է ներկայացնում իր կյանքի պատմությունը: Գրքում ընդգրկված են կոմպոզիտորի մտորումներն ու թեւավոր խոսքերը, ասույթներ նրա մասին, արտերկրի երաժիշտների եւ մամուլի արձագանքները, հատվածներ նամակներից, ինչպես նաեւ բազմաթիվ լուսանկարներ, ազդագրեր, էսքիզներ եւ ձեռագիր նոտաներ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածուից, որոնց մեծ մասը հրապարակվել է առաջին անգամ:

Ժողովածուն փաստական հարուստ նյութով, պատմագիտական ընդհանրացումներով հագեցած, պարզ ու գրավիչ լեզվով գրված անգլալեզու աշխատություն է: Այն ինչպես պրոֆեսիոնալ երաժիշտների, այնպես էլ երաժշտասեր ընթերցողների լայն շրջանակների համար է, որ նոր լույս է սփռում մեծ արվեստագետի կերպարի վրա:

Գրքում ներկայացված է նաեւ մուլտիմեդիա բովանդակություն. QR կոդերի օգնությամբ ընթերցողը հնարավորություն ունի ունկնդրելու Արամի Խաչատրյանի ամենահայտնի ստեղծագործությունների էքսկլյուզիվ, արխիվային ձայնագրությունները՝ հեղինակի եւ նշանավոր երաժիշտների կատարմամբ, ինչպես նաեւ հատվածներ եզակի տեսանյութերից եւ փաստագրական ֆիլմերից:

«Արամ Խաչատրյան» ժողովածուի ստեղծման գործում ունեցած մասնակցությամբ եւ լույսընծայմամբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, ի դեմս տնօրեն Արմինե Գրիգորյանի եւ ֆոնդապահ Անահիտ Շահմանյանի, մեծանուն կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված հոբելյանական տարվա շրջանակներում ավարտին հասցրեց շատ կարեւոր եւս մեկ նախաձեռնություն:

Ժողովածուն լույս է տեսել «Արմավ» հրատարակչությունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն դրամաշնորհով: