Մայիսի 6-ը բացառիկ տաղանդ ունեցող օպերային երգչուհու՝ Անաիս (Լուիզա) Պոզապալյանի (Եղիայան) հիշատակի օրն է։
Նրա անունը մշտապես մնալու է հայ երաժշտության ոսկե էջերում։ Ծնվել է Մարսելում՝ 1936-ին, վաղ հասակից բնակվել է Բեյրութում։
Անաիս Պոզապալյանն ուսանել է Բեյրութի պետական կոնսերվատորիայում, երգել Բարսեղ Կանաչյանի ղեկավարած «Գուսան» երգչախմբում, իսկ 1960-ից կատարելագործվել է Միլանում՝ ձևավորելով իր եզակի ոճն ու հնչողությունը։
1965-73 թվականներին նա եղել է Համբուրգի օպերային թատրոնի մեներգչուհի՝ գրավելով եւրոպական բեմերը իր վառ կատարողականությամբ։ 1985-ից հանդես է եկել նաև Մյունխենի օպերային թատրոնում։
Անաիս Պոզապալյանն իր երգարվեստով նվաճել է աշխարհի նշանավոր դահլիճները՝ հանդիսատեսին փոխանցելով Կոմիտասի, Եկմալյանի, Կանաչյանի, Ալեմշահի և այլոց հոգեհմայ երգերը։ Նրա արվեստն արժանացել է բարձր գնահատականի:
1969-ին պարգևատրվել է Լիբանանի կառավարության «Լիբանանի Մայրիներ» շքանշանով, 1971-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Արվեստագետը մահացել է 1998-ին։
Թեև Անաիս Պոզապալյանը մեզ հետ չէ ֆիզիկապես, նրա ձայնը շարունակում է հնչել՝ ինչպես աղոթք, ինչպես ներշնչանք…
Հավերժ հիշատակ։
Ըստ Հայաստանի հանրային ռադիոյի ձայնադարանի նյութի