image

Լիբանանահայ Արամ Փափազյանի դիմանկարը ներկայացվել է միջազգային մրցույթի

Լիբանանահայ Արամ Փափազյանի դիմանկարը ներկայացվել է միջազգային մրցույթի

Լուսանկարում լիբանանահայ երիտասարդ Արամ Փափազյանն է: Լուսանկարը կոչվում է «Գյումրու արիստոկրատը», հեղինակը  Էդուարդ Հովհաննիսյանն է, որ սիրողական լուսանկարներ է անում Գյումրիում: Նա լիբանանահայ երիտասարդին լուսանկարել է Գյումրիում եւ լուսանկարն ուղարկել  «35 AWARDS» միջազգային մրցույթին: 130 երկրներից ներկայացված 49 000 աշխատանքների մեջ այս լուսանկարն ընտրվել է «Թոփ 7 տոկոս»-ում:

Արամ Փափազյանը  երկու տարի առաջ է Լիբանանից Հայաստան փոխադրվել մշտական բնակության: Նա բացահայտում է Հայաստանը, իսկ երկու ամիս առաջ որոշել է տեղափոխվել Գյումրի: Ինչպես խոստովանել է լուսանկարիչը, Արամը հետաքրքրիր երիտասարդ է՝ դիզայներ, երաժիշտ, պարզապես հայրենասեր: Լուսանկարում շատերին գրավել է հատկապես երիտասարդի այտմորուսները (այտամորուք):

Չնայած այտմորուսները նորաձեւությունից դուրս են եկել 1980-ական թվականներին, սակայն դրանք միշտ մնում են որպես տղամարդկային ազատության եւ անհնազանդության խորհրդանիշ։ Այտամորուսային նորաձեւության սկիզբը դրել են ամերիկյան հիպիները «Սիրո ամռանը» (The Summer of Love), ապա նորաձեւությունը տարածվել է ամբողջ աշխարհում: 

Լուսանկարը մասնակցել է նշված մրցույթի «Փողոցային դիմանկար» անվանակարգին, իսկ հեղինակ Էդուարդ Հովհաննիսյանն էլ ընդգրկվել է մրցույթի «Թոփ 28 տոկոս»-ում:

Էդուարդ Հովհաննիսյանն աշխարհագրագետ է, ունի մանկավարժի կրթություն, այժմ  պայմանագրային զինծառայող է։ 

Իր ազատ ժամանակը նա անցկացնում է լուսանկարելով: Բազմաթիվ գյումրեցիների է լուսանկարել, բայց վերջին շրջանում Գյումրիում շատացել են զբոսաշրջիկները, օտարերկրացիները եւ սփյուռքահայերը, որոնք նույնես արժանանում են լուսանկարչի ուշադրությանը:

Նրա նպատակը կյանքի գեղեցիկ տեսարաններն արձանագրելն ու աշխարհին Գյումրին ու նրա մարդկանց ճանաչելի դարձնելն է: