image

«Լեւոն Մելիքսեթ-Բեկի արխիվից» ժողովածուի շնորհանդեսը Թբիլիսիում

 «Լեւոն Մելիքսեթ-Բեկի արխիվից» ժողովածուի շնորհանդեսը Թբիլիսիում

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային եւ երիտասարդական կենտրոնում Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ եւ հանդիսապետությամբ  տեղի է ունեցել «Լեւոն Մելիքսեթ-Բեկի արխիվից» ժողովածուի շնորհանդեսը, տեղեկանում ենք թեմից։   

Ժողովածուն լույս է տեսել Վիկտոր Հովսեփյանի տուն-թանգարանի մատենաշարով: Այն կազմել են հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Բոնդո Արվելաձեն եւ Վիկտոր Հովսեփյանի գրական արխիվի ղեկավար Գիսանե Հովսեփյանը:

Նոր լույս տեսած ժողովածուն ներառում է հայ աղբյուրագետ, հնագետ, բանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ԽՍՀՄ գրողների միության անդամ  Լեւոն Մելիքսեթ-Բեկին հղված նամակները, որոնք Բ. Արվելաձեին է փոխանցել Լ. Մելիքսեթ-Բեկի կրտսեր որդին՝ շախմատի միջազգային կարգի մրցավար Եվգենի Մելիքսեթ-Բեկը: Նամակների հեղինակներն են Նիկողայոս Մառը, Էքվթիմե Թաղաիշվիլին, Իվանե Ջավախիշվիլին, Հրաչյա Աճառյանը, Հակոբ Մանանդյանը, Սուրեն Երեմյանը, Կարո Ղաֆադարյանը, Ավետիք Իսահակյանը, Աշխեն Թումանյանը եւ գիտության, մշակույթի, գրականության այլ նշանավոր դեմքեր: Ժողովածուի վերջում ներկայացվել է Կոնստանտինե Գամսախուրդիայի «Թբիլիսիի համալսարան» հոդվածը՝ գրված մայր բուհի հիմնադրման առիթով:

Արխիվային նյութում արտացոլվել են նախորդ դարի գիտական, գրական, մշակութային եւ  հասարակական կյանքը եւ Լևոն Մելիքսեթ-Բեկի՝ պատմաբանի, աղբյուրագետի, ազգագրագետի, բանագետի, գրականագետի, ազնիվ բարեկամի ու ընկերոջ, իսկական թբիլիսցու, մեծ ուսուցչի կերպարը: Ժողովածուն տպագրվել է Պատրիկ Բեզոյանի (ՌԴ) նյութական աջակցությամբ:

Շնորհանդեսին գրախոսությամբ հանդես է եկել բանասիրական գիտությունների թեկնածու Էմմա Ախտյանը: Ելույթներ են  ունեցան հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, Թբիլիսիի պետական համալսարանի գիտաշխատող Նինո Ափցիաուրին, «Վրաստան» թերթի  խմբագիր, Վան Բայբուրթյանը, Իվ. Ջավախիշվիլու անվան ԹՊՀ ուսանողներ Արեւիկ Պապոյանը, Լուսինե Սուքիասյանը եւ ուրիշներ:

Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը օրհնության իր խոսքում արժեւորել է գիտության երախտավորների դերակատարումը սերունդների կրթության ու դաստիարակության, մշակույթի պահպանման ու զարգացման, ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Թեմակալ առաջնորդը մեր օրերի վիրահայ բանասիրության երախտավոր Էմմա Ախտյանին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  շնորհած «Սուրբ Ներսես Շնորհալի» մեդալը: Վեհափառ Հայրապետի Օրհնության գիրն ընթերցել է արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը:

Երաժշտական համարներով հանդես են եկել դաշնակահար Եսայի Աբովյանը եւ «Հայարտուն» կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» մանկապատանեկան երգչախումբը (ղեկավար՝ Աիդա Բազոյան):