Արցախի պետական նախարարը կոչով դիմած է երիտասարդութեան, ուսանողութեան եւ հասարակական կազմակերպութիւններուն:
«Յարգելի երիտասարդներ, ուսանողներ, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ,
Շուրջ 3 ամիս է՝ Ադրբեջանը արգելափակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը: Մենք գտնւում ենք շրջափակման մէջ եւ ապրում արտակարգ պայմաններում ու արտակարգ ռեժիմում։ Պետութիւնը ձեռնարկում է հնարաւոր բոլոր միջոցները՝ շրջափակման հետեւանքները մեղմելու եւ հասարակութեան նուազագոյն պահանջմունքները բաւարարելու համար։ Այդ ընթացքում իրականացւում են բազմաբնոյթ աշխատանքներ, որոնց կարող է իր աջակցութիւնը ցուցաբերել նաեւ հանրութիւնը։
Անընդունելի եմ համարում, որ շրջափակման պայմաններում Արցախ է բերւում հումանիտար (մարդասիրական) բեռ, որը բեռնաթափելու կամ բեռնելու, փաթեթաւորելու եւ շահառուներին հասցնելու համար պետութիւնը ստիպուած է ֆինանսական միջոցներ ծախսել։
Ի հարկէ պետութիւնը կրում է քաղաքացիների իրաւունքների ապահովման պոզիտիվ (դրական) պարտականութիւն, սակայն Արցախի Հանրապետութիւնը մեր մեծ ընտանիքն է, եւ ինչպէս մեր ընտանիքներում, այնպէս էլ պետութիւնում հնարաւորութիւնները անսահմանափակ չեն, իսկ խնայողութիւնը եւ ջանքերի մէկտեղումը՝ այսօր խիստ անհրաժեշտութիւն է։
Առաջիկայում նախատեսում եմ հանդիպում Արցախում գործող հասարակական կազմակերպութիւնների հետ, բայց մինչ այդ դիմում եմ բոլորին՝ երիտասարդութեանը, ուսանողութեանը.
Խնդրում եւ կոչ եմ անում ամենակարճ ժամկէտում ձեւաւորել կամաւորական խմբեր եւ ձեր նպաստն ու աջակցութիւնը բերել պետութեան կողմից իրականացուող ծրագրերի իրագործմանը։
Դրանով դուք ոչ միայն կ'ապահովէք հանրօգուտ արդիւնք, այլեւ կը նպաստէք մեր ներքին զարթօնքին ու համախմբմանը, մեր ուժերի եւ հնարաւորութիւնների մէկտեղմանն ու միաւորմանը։
Սպասում ենք ձեր արձագանգներին։
Անհրաժեշտ տեղեկութիւնների համար կարող էք դիմել ԱՀ պետական նախարարի աշխատակազմ՝ (047) 95 10 55 հեռախօսահամարով կամ գրել jipdjian@gmail.com ել.հասցէին:
Գրանցուելու համար անհրաժեշտ է լրացնել ձեւաթուղթը` անցնելով հետեւալ յղմամբ»: