image

Նոր բնակարաններ Արցախիցիներուն. «Թուֆէնքեան» հիմնադրամի նոր յատկացումը ՝Ճարտար, Սօս, Մաճկալաշէն, եւ Հերհեր համայնքներուն համար

Նոր բնակարաններ  Արցախիցիներուն. «Թուֆէնքեան» հիմնադրամի    նոր  յատկացումը  ՝Ճարտար, Սօս, Մաճկալաշէն, եւ Հերհեր համայնքներուն համար

«Թուֆէնքեան» բարեգործական հիմնադրամը հաւատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին` Յուլիսի 28ին Ճարտար, Սօս, Մաճկալաշէն եւ Հերհեր համայնքներում չորս վերանորոգուած առանձնատներ շահագործման յանձնեց հասցէատէրերին:

Ճարտար քաղաքի բնակիչ, 44օրեայ պատերազմի մասնակից, պայմանագրային զինծառայող Արթուր Աւետիսեանի հինգ հոգանոց ընտանիքն այսուհետ կ՛ապրի վերանորոգուած, բոլոր յարմարութիւններով սեփական առանձնատանը:

Արթուրն ականի պայթիւնից վիրաւորուել է 2020ի Նոյեմբերի 4ին, հայրենի Ճարտար քաղաքը պաշտպանելիս: Արթուրի կնոջ` Մանան Աւետիսեանի խօսքով` վիրաւորուելուց յետոյ չորս օր շարունակ գտնուել է մահաքունի մէջ: Տանտիկինը պատմում է, որ նախկինում տունը գտնւում էր վատթար վիճակում։ «Խոհանոց չունէինք, դրսում էի ճաշ պատրաստում, բաղնիքը կիսակառոյց էր` դրսում: «Թուֆէնքեան» բարեգործական հիմնադրամի շնորհիւ ստեղծուեցին ապրելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները», նշեց Մանանը` շնորհակալութիւն յայտնելով հիմնադրամին` իրենց աջակցելու համար:

Արթուրի հայրը` Վալերիկը, չհասցրեց վայելել վերանորոգուած տունը: Շինարարական աշխատանքների աւարտից մի քանի օր յետոյ, առողջական խնդիրների հետեւանքով, հրաժեշտ տուեց երկրային կեանքին, հոգեպէս հանգիստ լինելով, որ ապագայ երկու զինուորներն ու տան միւս անդամներն իրենից յետոյ կ՛ապրեն վերանորոգուած տանը:

Պատերազմն իր դառն ուրուագիծը թողել է նաեւ Սօս համայնքում բնակուող Հենրիկեանների ընտանիքում: Յարութ Հենրիկեանը պատերազմի առաջին իսկ օրից զինուորագրուել է աշխարհազօրայինների կազմում եւ միացել հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին: Հայրենի Սօս գիւղի պաշտպանութեան ժամանակ, Հոկտեմբերի 29ի գիշերը, անօդաչու թռչող սարքի հարուածից ոտքերի շրջանում ստացել է վիրաւորում: Մինչ այսօր Յարութը հասցրել է շուրջ տասը վիրահատութիւն տանել, որոնք դեռ շարունակական կը լինեն:

Մեզ հետ զրոյցի ընթացքում Յարութը նշել է, որ տան պայմանները յարմար չէին` յատկապէս իր համար: Շնորհիւ հիմնադրամին` այսուհետ կ՛ապրեն յարմարաւէտ պայմաններով տանը, ինչի համար իր շնորհակալութիւնը յայտնեց:

Հենրիկեանների բնակարանում կրկնակի տօն էր: Տան շինարարութեան աւարտից յետոյ ծնուել է Յարութի առաջնեկը, հրաշք Մարկը, ով ծնողների ու հարազատների նոր ուժն ու լոյսն է` ծառացած բոլոր դժուարութիւնները յաղթահարելու համար:

Մաճկալաշէն համայնքի բնակիչ, 22 տարուայ աշխատանքային փորձ ունեցող դասվար Լիւդմիլա Ծատուրեանը 27 տարի շարունակ երազել է սեփական տանիք ունենալու մասին: Այսօր երազանքն արդէն իսկ իրականութիւն է: Նա շնորհակալութիւն է յայտնել համայնքապետին, «Թուֆէնքեան»ին` իր ընտանիքին աջակցելու եւ գեղեցիկ տուն կառուցելու համար: Նորակառոյց տանը Լիւդմիլան կ՛ապրի որդու հետ:

Հերհերում ապրող Հայրապետեանների տունը լուրջ վնասներ է կրել պատերազմի ժամանակ: Այն վերակառուցել հնարաւոր չէր: Աւերուած տան կողքին հիմնադրամը նոր առանձնատուն է կառուցել, որի շինաշխատանքներին անմիջական մասնակցութիւն է ունեցել ընտանիքը: Քանի որ տունը նորակառոյց է, չորս հոգանոց ընտանիքը ցանկացել է, որ կահաւորումն էլ նոր լինի: Այժմ սպասում են իրենց սեփական միջոցներով պատուիրած նոր կահոյքին, որից յետոյ կ՛ապրեն յարմարաւետ պայմաններով իրենց նոր տանը:

Նրանք շնորհակալութիւն յայտնեցին հիմնադրամին` աջակցութեան համար: Բարձր գնահատելով հիմնադրամի ծաւալած գործունէութիւնը` Հայրապետեանները մաղթեցին, որ նման ծրագրերը շարունակական լինեն, իսկ Արցախում տիրի միմիայն խաղաղութիւն:

Թուֆէնքեան բարեգործական հիմնադրամի տնօրէն Գրիգոր Պետեանը շնորհաւորել է բոլոր ընտանիքներին` բնակարանամուտի կապակցութեամբ, շնորհակալութիւն յայտնել տղաներին` իրենց կատարած սխրագործութիւնների համար: Բարեմաղթել է, որ վերանորոգուած բնակարաններում այսուհետ միայն ուրախ առիթներ ունենան նշելու եւ վայելելու, եւ հաւաստիացրել է, որ Սփիւռքի հայութիւնը մշտապէս կանգնած է լինելու արցախցիների կողքին:

Հիմնադրամի հանրային կապերի տնօրէն  Ռուբէն Ճանպազեանը մեզ հետ ունեցած զրոյցի ընթացքում նշել է, որ ծրագրերը բազմածաւալ են: Տների վերանորոգման եւ խաղահրապարակների շինութիւններից բացի իրականացնում են նաեւ կրթական, առողջապահական, գիւղատնտեսական եւ այլ բազմազան ծրագրեր: «Հիմնադրամը յստակ որոշել է մնալ Արցախի կողքին: Մենք պէտք է շարունակենք նրանց կողքին լինել այնքան ժամանակ, որքան իր հողին կառչած կը մնայ արցախցին», ասել է նա:

 

Նարինէ Հայրապետեան/«Ամարաս» թերթ