image

Իմ սաներն այսօր սփռված են աշխարհով մեկ. 97-ամյա ուսուցչուհի

Իմ սաներն այսօր սփռված են աշխարհով մեկ. 97-ամյա ուսուցչուհի

Երևանի Չայկովսկիի անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի հիմնանորոգումից հետո այսօր դպրոց էին այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետը, այլ պաշտոնատար անձինք: Դպրոցը հիմնանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի Արևելյան շրջանի միջոցներով, իսկ հիմնական բարերարը եղել է ամերիկահայ  Ջորջ Անդրու Քրիքորյանը, որի մահից հետո, նրա կտակի համաձայն, խոշոր նվիրատվություն է կատարվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

1939 թվականին հիմնված դպրոցի ներկայիս շենքը, որ կառուցվել է 1973-ին, վերջին երկու տարիների հիմնանորոգման արդյունքում դարձել է ժամանակակից ու նոր շենք: Հիմնանորոգումն արժեցել է 1,150,000,000 ՀՀ դրամ:

Հին շենքն ու դպրոցի 77 տարվա պայմանները շատ լավ է հիշում դպրոցի ամենատարեց աշխատակիցը՝ 97-ամյա ուսուցչուհի Մարիամ Տոնյանը, որ նույն դպրոցում հիմնադրման օրվանից մինչև օրս աշխատում է: 

«Արևելքի» հետ զրույցում Չայկովսկու անվան դպրոցի  երաժշտական տեսության ուսուցչուհի Մարիամ Տոնյանն ասաց, որ հիմնանորոգումը շատ կարևոր էր դպրոցի համար, քանի որ Չայկովսկու անվան դպրոցը, ըստ նրա, ոչ միայն Երևանի ու Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար  կարևոր կենտրոն է. «Իմ սաներն այսօր սփռված են աշխարհով մեկ, նրանք տաղանդավոր երաժիշտներ եւ արվեստագետներ են, որոնք իրենց առաջին քայլերն այս դպրոցում են արել, նրանք պատիվ են բերել մեր երկրին, ինչպես նաև հարստացնում են միջազգային երաժշտական արվեստը»,-ասաց հանրապետության վաստակավոր ուսուցչուհի, աշխատանքի վետերան Մարիամ Տոնյանը: Նա հայտնի բառարանագետ, մանկավարժ, թարգմանիչ Արշակ Տոնյանի դուստրն է: 

Երիտասարդական կեցվածքով և առույգությամբ միջոցառմանը մասնակցող 97-ամյա ուսուցչուհին երկար տարիներ դպրոցում մնալու և աշխատանքը շարունակելու գաղտնիքը բացատրում է երաժշտության, հատկապես՝ երեխաների հանդեպ սիրով. «Այն մարդը, որ երեխա չի սիրում, իրավունք չունի դպրոց մտնել: Ես երեխաների հետ երիտասարդանում եմ, ահա իմ գաղտնիքը»,-«Արևելքին» ասաց Մարիամ Տոնյանը՝ աշակերտների սիրելի Մարիամ Արշակովնան: 1919 թվականին Թիֆլիսում ծնված ուսուցչուհին ոչ միայն կրթական ոլորտում է երջանիկ զգում, այլ կյանքում՝ նա նույնիսկ  իր թոռան թոռանն է գրկել: