«Եթէ այժմեան գործող միջանցքը յանձնուի Ատրպէյճանին, ապա ատրպէյճանցիները գալու են, նստեն այն վայրում, որտեղ հիմա բնակիչներն իրենց կովերն են արածացնում, այսինքն` Տեղ գիւղը զրկուելու է իր մշակովի հողատարածութիւններից»: Այս մասին երէկ Սարեանի անուան պուրակին մէջ քննարկման ժամանակ ըսաւ մետիափորձագէտ Նաիրի Հոխիկեանը:
Ան նշեց, որ ճանապարհի թեմայով վարչապետի աշխատակազմը իրեն արձագանգած է, ան ընթերցեց պատասխանը. «Արցախի եւ Հայաստանի միջեւ կապը կտրուելու է: Արցախի եւ Ատրպէյճանի կողմից ներկայացուած առաջարկները: Այստեղ սուտ կայ, որովհետեւ Արցախի կողմից առաջարկ չի ներկայացուել: Երկրորդ` յայտնում ենք, որ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղին անցնելու է նախկին ԼՂԻՄ վարչական տարածքից դուրս գտնուող տարածքներով: Լաչինի միջանցքի նոր երթուղին պիտի անցնի ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողութեանը, իսկ ներկայիս երթուղու այն տարածքները, որոնք չեն գտնւում նախկին ԼՂԻՄ վարչական տարածքում. այսինքն` Բերձոր, Աղաւնօն եւ այլն, ատրպէյճանական կողմի վերահսկողութեանը: Ինչ վերաբերում է Սիւնիքի մարզի Կոռնիձոր վարչական տարածքին` տեղեկացնում ենք, որ ատրպէյճանական կողմն աշխատանքները կատարում է իր տարածքում, այսինքն` Աղաւնօ գետից այն կողմ ՀՀ իշխանութիւնը համարում է, որ դա Ատրպէյճանի տարածքն է: Այդ 6,5 քմ ճանապարհը Կոռնիձորից մինչեւ Աղաւնոյի ափը կառուցելու համար հայկական կողմ յայտարարել է մրցոյթ Մայիսի 17-ին, այսինքն` եթէ Ատրպէյճանը արդէն շինարարութիւնն աւարտում է, հայկական կողմը դեռեւս մրցոյթի ամփոփում էլ չի արել»:
Հոխիկեանը նշեց, որ ատրպէյճանցիները ճանապարհը կառուցելով եկած ու կանգնած են անմիջապէս Աղաւնօ գետին վրայ, եւ իրենք երկու պայման յառաջ կը քաշեն այժմեան բանակցութիւններուն մէջ. «Իրենք ներկայացնում են` Ատրպէյճանը կատարել է իր առաջ դրած պատասխանատուութիւնը` կառուցելու նոր ճանապարհ, հետեւաբար, քանի որ հայկական կողմը չի կառուցել ոչ մի բան, ապա դա իրենց հետաքրքիր չի, իրենք մտնելու են Բերձոր, որովհետեւ ունեն այդպիսի պայմանաւորուածութիւն»:
Ըստ անոր` այստեղ չի կրնար արգելք հանդիսանալ անգամ ռուսական կողմը, քանի որ կայ Փաշինեան-Ալիեւ պայմանաւորուածութիւն. «Մենք կանգնելու ենք մի աղէտալի իրավիճակի առաջ, որ Բերձորի ճանապարհը կը փակուի, որովհետեւ այնտեղ կը լինեն ատրպէյճանցիներ, իսկ նոր ճանապարհ չի լինելու: Այս ծիրին մէջ Արցախի եւ Հայաստանի միջեւ կապը կտրուելու է: ՀՀ իշխանութիւնը որեւէ նոր մանիփուլեացիա կը յօրինի, կամ գուցէ արագ սկսեն ինչ-որ մի բան կառուցել»: