«Ատրպէյճանը Նախիջեւանին կապողը կոչում եմ «միջանցք», որովհետեւ չեմ հաւատում ճանապարհ ասողի որեւէ խօսքին»,- սա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի արձագանգն է լրագրողի հարցին, թէ ինչու «միջանցք» խօսոյթը կ՚օգտագործէ, եթէ Հայաստանի իշխանութիւնները կ՚ըսեն, որ Հայաստանով անցնողը ճանապարհ պիտի ըլլայ։
Այսօր՝ հոկտեմբեր 7-ին, Ռոպերթ Քոչարեանը հրաւիրուած ասուլիսին «միջանցք» անուանած էր Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող, Ատրպէյճանի արեւմտեան շրջանները Նախիջեւանին կապող ճանապարհը։
«Եթէ դա ուղղակի ճանապարհ է, ինչու է այդ ճանապարհն առանձնացուած այլ ճանապարհների հետ։ Օրինակ Մինսկի խմբի առաջարկներում միշտ եղել է մի կէտ՝ ապաշրջափակում, եւ երբեք չի առանձնացուել այդ ճանապարհը։ Այդ ճանապարհը միայն մէկ անգամ է առանձնացուել՝ Քի Վեսթում։ Բայց այդ ճանապարհի դիմաց Ղարաբաղը Լաչինի միջանցքով միացւում էր Հայաստանի Հանրապետութեանը։ Քի Վեսթի բանակցողը ես եմ եղել, ես գիտէի ինչի դիմաց եմ դա տալիս»,-ըսած է Քոչարեանը։