Հայաստանի զինուած ուժերու մէջ մայիս 14-ին մեկնարկած է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զօրավարժութիւնը, յայտնած է պաշտպանութեան նախարարութիւնը։
Գերատեսչութենէն նշած են, որ զօրավարժութեան շրջածիրէն ներս պիտի կայանան մարտավարական վարժանքներ՝ մարտական հրաձգութեամբ, ինքնաշխատ կառավարման համակարգերու ու արդի արհեստագիտութիւններով յագեցած վարժասարքերու կիրառմամբ:
«Զօրավարժութեան նպատակներ են՝ ստուգել զինուած ուժերի ծաւալման եւ մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը, ուսումնասիրել զօրավարժութեանն ընդգրկուած ուժերի, միջոցների ու կառավարման մարմինների մարտական (կառավարչական) հնարաւորութիւնները, ուժեղացման ուժերի եւ միջոցների տարաբնոյթ կիրառման հնարաւորութիւնները, բարձրացնել ռազմական կառավարման մարմիններում ստեղծուող աշխատանքային խմբերի, միաւորումների, զօրամասերի ու ստորաբաժանումների շտաբների ներդաշնակման մակարդակը, սպաների գործնական հմտութիւնները՝ մարտական գործողութիւնների նախապատրաստման, վարման ընթացքում, դաշտային վարժուածութեան մակարդակը, զարգացնել անձնակազմի բարոյահոգեբանական յատկանիշները, ֆիզիկական դիմացկունութիւնը, զօրային ընկերութեան զգացումը»,-ըսուած է հաղորդագրութեան մէջ։