Հայաստանի աթոմակայանը կը խորհրդանշէ եւ կ՚ամրապնդէ մեր ինքնիշխանութիւնը։ Այդ մասին մարտ 21-ին Պրիւքսէլի մէջ ընթացող Միջուկային ուժանիւթի անդրանիկ գագաթնաժողովին իր ելոյթի ժամանակ ըսած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը։
«Հայաստանի համար միջուկային էներգիան կարեւոր դեր է խաղում եւ օգնում է Փարիզի համաձայնագրով Ազգային մակարդակով սահմանուած գործողութիւնների իրագործմանը։ Տասնամեակներ շարունակ Հայաստանի ատոմակայանը ծառայել է որպէս մեր էներգետիկ համակարգի կարեւորագոյն տարր՝ ապահովելով էներգիայի արտադրութեան կայունութիւնը։ Ներկայումս մեր երկրի ելեկտրաէներգիայի մօտ 30%-ը ստացւում է միջուկային էներգիայից։ Այդ կէտին հասնելու մեր ճանապարհը փշոտ էր, որի գագաթնակէտն էր ատոմակայանի փակման դրամատիկ շրջանը։ Այսօր մենք հպարտութեամբ կարող ենք փաստել, որ ի թիւս այլ կարեւոր բաների, այն նաեւ խորհրդանշում եւ ամրապնդում է մեր ինքնիշխանութիւնը»,- նշած է վարչապետը։
Փաշինեանի խօսքով՝ Հայաստանը որոշած է երկարացնել իր աթոմակայանի շահագործման ժամկէտը 2026-էն մինչեւ 2036-ը: 2023-ի դեկտեմբերին ՀՀ կառավարութիւնը հաւանութեան արժանացուցած է Հայկական աթոմային ելեկտրակայաններու (ԱԷԿ-ի) շահագործման ժամկէտի երկարաձգման ծրագիրը:
«Այս երկարաձգումն ամուր հիմք կը դնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար Հայկական աթոմային ելեկտրակայանների (ՀԱԷԿ) երկարացուած շահագործման ժամկէտի աւարտից յետոյ, ինչը մեր վերջնական նպատակն է։ Այս առումով Հայաստանը յանձնառու է ինչպէս Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան, այնպէս էլ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցութեան խթանմանը եւ փորձի կիրառմանը՝ ներկայիս էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար: Ատոմային էներգիայի անվտանգ եւ խաղաղ օգտագործման մեր թափանցիկ ու բաց քաղաքականութիւնը կը շարունակի առաջնորդել մեր ջանքերը, քանի որ մենք ուսումնասիրում ենք առաջադէմ միջուկային տեխնոլոգիաները` մեր միջուկային էներգետիկայի ոլորտում անվտանգութեան, արդիւնաւէտութեան եւ բնապահպանական հաւատարմագրման հետագայ լաւարկման նպատակով»,- ըսած է ան։
Նիկոլ Փաշինեանը վերահաստատած է Հայաստանի յանձնառութիւնը միջուկային ուժանիւթի ողջ ներուժը իրացնելու եւ ատոր զարգացման համար նպաստաւոր պայմաններ ստեղծելու հարցով․ «Ցաւօք, ամբողջ աշխարհում շարունակուող հակամարտութիւնները, ներառեալ մեր տարածաշրջաններում տեղի ունեցած վերջին հակամարտութիւնները, ոչ միայն վտանգում են միջուկային օբյեկտների անվտանգութիւնը, այլեւ խոչընդոտում են խաղաղ միջուկային նախաձեռնութիւնների առաջխաղացմանը»։
«Հայաստանը, որպէս միջուկային էներգիայի արտադրութեանն ապաւինող պետութիւն, ամուր կանգնած է այն կոնսենսուսի ետեւում, որ միջուկային էներգիան անփոխարինելի է կլիմայի փոփոխութեան դէմ մեր պայքարում եւ ճանաչում է Միջուկային զէնքի չտարածման մասին պայմանագրի բոլոր մասնակից պետութիւնների անօտարելի իրաւունքը՝ զարգացնել այն խաղաղ նպատակներով՝ առանց խտրականութեան եւ քաղաքական խոչընդոտների։ Ահա թէ ինչու Հայաստանն այն 22 երկրների թւում էր, որոնք լիովին աջակցեցին «Միջուկային էներգիայի մասին ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան յայտարարութեանը» 2023-ի դեկտեմբերին Դուբայում տեղի ունեցած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան կոնֆերանսում (COP28): Մենք նաեւ հպարտութեամբ միացել ենք COP28-ում ընդունուած պատմական որոշմանը, որը ցածր ածխածնային էներգիայի այլ աղբիւրների հետ մէկտեղ միջուկային էներգիան ճանաչեց որպէս կլիմայի փոփոխութեան լուծումներից մէկը: Միջուկային էներգիան մեր ռազմավարութեան անկիւնաքարն է, որն ապահովում է ինչպէս մեր երկրի էներգետիկ անվտանգութիւնը, այնպէս էլ կլիմայի փոփոխութեան մեղմացումը»,- յայտարարած է վարչապետը։