image
Հրատապ լուրեր:

Գյումրիում կդրվի Կարո Սասունիի արձանը

Գյումրիում կդրվի Կարո Սասունիի արձանը

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում տեղադրվելու է հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, պատմաբան, ՀՅԴ կուսակցության անդամ Կարո Սասունիի բրոնզաձույլ արձանը: 

Արձանը Գյումրիի է նվիրել  «Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոն»-ը: Կենտրոնի տնօրեն պատմաբան Աշոտ Ներսիսյանն օրերս Գյումրիում մի շարք գործիչների հետ քննարկում էր կազմակերպել՝ որոշելու, թե որտեղ է դրվելու հայ ժողովրդի պատմության մեջ կարեւոր դեր խաղված գործչի արձանը: Առաջարկված տեղերից կընտրվի մեկը եւ Գյումրիում կավելանա եւս մեկ արձան: 

Կարո Սասունին ծնվել է 1889 թվականին՝ Սասնո Խուլբ գավառակի Ահարոնք գյուղում:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական կամավորական շարժման գործուն մասնակից։ 1916 թվականին, երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, Կարո Սասունին Տարոնում նշանակվել է ընդհանուր կառավարիչ եւ ռազմական խորհրդական։ Ռուսական զորքերի նահանջի ժամանակ կարողացել է փրկել շատ գաղթականների եւ կազմակերպել նրանց անցումը Արեւելյան Հայաստան։

1920 թվականի մայիսին նշանակվել է Ալեքսանդրապոլի նահանգապետ, մասնակցել տեղում մայիսյան ապստամբության ճնշմանը։ 

Ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ։ 1921 թվականի Փետրվարյան ապստամբության ղեկավարներից էր։ Հայրենիքի փրկության կոմիտեի կազմում եղել է ներքին գործերի նախարար։

Բոլշևիկների կողմից Երեւանի վերագրավումից հետո անցել է արտասահման, նախ՝ Փարիզ, ապա՝ Բեյրութ, որտեղ զբաղվել է ստեղծագործական, հրատարակչական աշխատանքով։ Բեյրութում 1962-1974 թթ. եղել է «Բագին» գրական-գեղարվեստական ամսագրի վարիչ խմբագիրը։

Ուսումնասիրել է հայ ազգային-ազատագրական շարժման, Մեծ եղեռնի, Հայաստանի առաջին հանրապետության պատմության հիմնախնդիրները, որոնց հիման վրա գրել է մի շարք արժեքավոր պատմագիտական ուսումնասիրություններ եւ գեղարվեստական երկեր։

Պատմաբան Աշոտ Ներսիսյանը, ի թիվս իր մի շարք ուսումնասիրությունների եւ գրքերի, գիրք է գրել նաեւ Կարո Սասունիի մասին: 

Լուսանկարում՝ Աշոտ Ներսիսյանն ու Գյումրիին նվիրաբերված արձանի մանրակերտը