image

Գորիս-Բիքֆայա. Սիրո թրթիռներ

Գորիս-Բիքֆայա. Սիրո թրթիռներ

2002-ին, երբ տեղափոխվեցի Լիբանան, ուղիղ 10 տարի մենք տարվա  մեջ 8-9 ամիս ապրում էինք Լիբանանի Բիքֆայա լեռնային քաղաքում: Այդ քաղաքը լեռների և անտառների մեջ սուզված մի բնապատկեր է՝ 7-րդ դարից եկած իր հնագույն պատմությամբ և քրիստոնյա խաղաղ ու աշխատասեր բնակիչներով: Բիքֆայան նաև ամառանոցների քաղաք է, այդտեղ շատ հայեր տներ ունեն, որտեղ ապրում են տարվա մեջ  մոտ  յոթ-ութ ամիս,  շատերը՝ ամբողջ տարին, այդտեղ են գտնվում նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքն ու կաթողիկոսի ամառային նստավայրը…

Հուշարձանների, աղբյուրների, սպիտակ պատերով և կարմիր տանիքներով տների քաղաքն է Բիքֆայան, որի օդն ու ջուրը բուժիչ են, ու Լիբանանի կենտրոնական քաղաքների ապականված օդից, աղմուկից  և անհամ ջրից հետո Բիքֆայան միշտ դրախտ էր թվում: Իրերը հավաքելու և Բիքֆայա գնալու ամիսը ապրիլն էր, երբ Լիբանանում վրա էր հասնում հեղձուցիչ շոգը…

 

Բիքֆայա

 

Բազմաթիվ հովեկներ Բիքֆայայի իրենց տնամերձ այգիներում փռում էին զոլավոր ներքնակ-աթոռները, ծառերից կապում ցանցկեն ճոճերը և  վայելում հրաշք բնությունն ու լռությունը:  Երեկոները գնում էինք քաղաքամերձ հանքային աղբյուրներն ու խմելու ջուր բերում, որ խմում էինք իբրև զովացուցիչ:  Բոլոր այդ ամիսներին հիանում էինք Բիքֆայայի ծաղիկներով (քաղաքը նշանավոր  է եղել իր Ծաղկի փառատոնով), անվերջ կանաչ ու փարթամ բնությամբ…  Բիքֆայայի ամառանոցային շրջանն ավարտվում էր հոկտեմբերին, և մենք, հավաքելով իրերը, իջնում էինք մի փոքր ներքևում գտնվող մեր քաղաքը...

 

Կորոնավիրուսի համաճարակի անցնող ամիսներին Բիքֆայան զերծ է մնացել վարակից, քաղաքային իշխանություններին հաջողվել է կիրառել անվտանգության բոլոր միջոցները, բնակիչներն էլ, հավանաբար, կարգապահ են եղել…  Այսօր առավոտյան Բիքֆայայի լուրերը հաղորդող մի կայքից տեղեկանում եմ, որ քաղաքում միանգամից 16 վարակակիր է  հայտնաբերվել… Կապվում եմ Բիքֆայայի քաղաքային խորհրդի միակ հայ անդամի՝ Վահե Քալինջյանի հետ, որ հայտնեմ մտահոգությունս և ավելի թարմ տեղեկություններ ստանամ, թե ինչպե՞ս է միանգամից այդքան վարակակիր հայտնվել: Պարոն Վահեն Բիքֆայայի հնաբնակներից է, քաղաքապետարանի վաղեմի աշխատող, ապրում է Բիքֆայայի հոգս ու ցավով և  նույնպես մտահոգ էր, ասում է՝ մինչև հիմա Բիքֆայայում վարակակիր չկար և միանգամից՝ այդքան մարդ…  Թվերի ավելացումը Լիբանանի ընդհանուր համաճարակային սրված վիճակի հետ է կապված. այնտեղ հիմա համաճարակի բարձրակետն է՝ երկրում վերջին օրերին օրական հայտնաբերվում է  մոտ 1000  վարակակիր…

 

-Բայց ես հիմա Գորիս եմ,-ավելացնում է պարոն Վահեն:

 

Մի պահ ինձ թվաց սխալ լսեցի:

-Այո՛, Գորիս, Հայաստան,- հաստատեց հեռավոր Բիքֆայայի քաղաքային խորհրդի անդամը,- գորիսեցի եմ արդեն, ինձ լավ եմ զգում այստեղ…  

Մնացածն արդեն պատմում է մեր աշխույժ զրույցի ընթացքում:  Պարզվում է՝ Վահե Քալինջյանը մոտ երկու տարի առաջ Հայաստան գալով նաև Գորիս է այցելել, սիրահարվել քաղաքին և որոշել անպայման ինչ-որ ծրագրով վերադառնալ: Ուզում է ինքնատիպ հյուրատուն կառուցել,  արդեն սկսել է, Գորիսում էլ,  բնականաբար, աջակցում են նման  ծրագրերին… Ավելին, անցյալ տարի Վահե Քալինջյանը Գորիս է ուղեկցել նաև Բիքֆայայի կին քաղաքապետ Նիքոլ Ժեմայելին,  Լիբանանի խորհրդանիշ մայրին են տարել և  Գորիսի քաղաքապետի հետ տնկել Գորիսի նորաբաց դիտակետում:

 

 

 

Գորիսի և Բիքֆայայի քաղաքապետերը մայրի են տնկում Գորիսում

 

Իսկ անցյալ ամառ Վահե  Քալինջյանը Բիքֆայայի  Դեղձի փառատոնին հրավիրվել է նաև հայաստանցիների, այդ թվում՝ Գորիսում բրդից կարպետ գործող մի աշխատանոցի աշխատակիցների, մեր ձեռագործ աշխատանքները, հայկական ուտելիքները ներկայացրել են ավանդական այդ փառատոնին… Գորիս-Բիքֆայա…  Ես արդեն զգում եմ սիրո այն թրթիռները, որ տարածվում են հեռավոր Բիքֆայա քաղաքից մինչև իմ հայրենի Գորիս:  Պատկերացնում եմ այդքան երկար ճամփա կտրած մարդու հուզումները  և գորիսեցիների վերաբերմունքը՝ իրենց քաղաքում  լավ գործ անել փորձող բիքֆայացի հային:

Ու մի պահ ես հանկարծ սկսեցի խիստ նմանություն տեսնել Բիքֆայայի և Գորիսի միջև: Բիքֆայան համարվում է Լիբանանի կարմիր տանիքների քաղաքը, նույնպիսի կոչում ունի նաև Գորիսը Հայաստանում: Գորիսի՝ վերևից դիտված կարմիր տանիքների համայնապատկերը ոչ մի քաղաքային տեսարանի հետ չես շփոթի: Բիքֆայայում էլ կա բարձունք, որտեղից դիտում էինք քաղաքն ու համաչափ գծված փողոցները…

 

Բիքֆայան՝ դիտված բարձունքից

 

Գորիսը՝ վերևից

 

Երկու քաղաքներն էլ հաճախ են կոչում ժայռերի քաղաք:  2000-ականների վերջին, հիշում եմ, դեռ այնտեղ էի, Բիքֆայայի ժառանգության պահպանման հիմնադրամը սկսեց վերականգնել քաղաքի հին ճարտարապետությունը և տների պատերն արտաքինից պատել նույնանման շարվածքով՝ մի փոքր ուռուցիկ ու անհամաչափ քարերի այդ շարվածքը բնորոշ է հենց Բիքֆայային:

Ավանդականը վերականգնելու  ծրագիր է այսօր իրականացնում նաև Գորիսի քաղաքային իշխանությունը՝ վերականգնվում  է Գորիսին բնորոշ «բարքաշ» շարվածքը՝ քաղաքի առանձնատների պատերին, ամրացվում են փայտյա հին պատշգամբները… 

 

«Բարքաշ» շարվածքը՝ Ակսել Բակունցի տուն-թանգարանի արտաքին պատին

 

Գորիսը օրեօր նոր տեսք է ստանում, քաղաքը մաքուր է և խաղաղ… Մի այլ թեմա են Գորիսի պանդոկները, որոնց անունների մեջ սիրելի են բակունցյան պատմվածքների վերնագրերն ու հերոսները՝ «Միրհավ», «Մինա»… Գորիսում դեղձ չի հասնում, բայց այստեղ էլ, վստահ,  կարելի է գտնել քաղաքին բնորոշ ինչ-որ բան և կազմակերպել տոն: Բիքֆայայի դեղձի փառատոնը  երիտասարդ է, բայց  Բիքֆայայի դեղձի ակունքները հասնում են մինչեւ 1940-ականներ, երբ Բիքֆայայում բնակվող Ժեմայել ընտանիքը (հետագայում՝ Լիբանանի նախագահական ընտանիք) ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ապրող հայտնի գենետիկ Էռնեստ Բաբքոքից Լիբանան ներմուծեց Բաբքոք դեղձատեսակն ու բազմացրեց Բիքֆայայում: 

Մինչ այդ՝ 1930-ականներին Բիքֆայան հայտնի էր ծաղկի  միջազգային փառատոնով, սակայն դեղձի ներմուծումից հետո քաղաքը հռչակվեց իր դեղձով: Փառատոնի ժամանակ Բիքֆայայի մերձակայքի այգեգործները ցուցադրում և վաճառում են այդ տարածքի պարծանքը՝  մանուշակագույն, կարմիր և վարդագույն մանր դեղձը, որն ունի յուրահատուկ համ: Իսկ Գորիսը յուրահատուկ համերի պակաս չունի: Մնում է ընտրենք նրանցից ամենայուրահատուկը…

 

 

 

Բնակելի տուն Գորիսում.  այս տանը 1870-1882 թվականներին ապրել է Մեսրոպ Մագիստրոս արք․Տեր-Մովսիսյանը

 

Ավանդական տուն Բիքֆայայում

Անուշ Թրվանց

Անուշ Թրվանց

Սովորել է ԵՊՀ-ում, իբրեւ լրագրող աշխատել է Հա...