image

Գերմանիայում Հայոց Թեմի Առաջնորդը մասնակցեց Եւրոպայում Ուղղափառ եկեղեցիների ժողովին

Գերմանիայում Հայոց Թեմի Առաջնորդը մասնակցեց Եւրոպայում Ուղղափառ եկեղեցիների ժողովին

  Գերմանիայի Հէօքսթէր գիւղաքաղաքի Ղպտի ֊Ուղղափառ վանքում սկսուեց Եւրոպայում պաշտօնավարող արեւելեան֊ուղղափառ եպիսկոպոսների եւ առաջնորդների երկօրեայ խորհրդակցական հանդիպումը, որը վայելում է իրենց եկեղեցիների եկեղեցապետերի օրհնութիւնն ու հովանաւորութիւնը։ 

Հանդիպմանը մասնակցում են Ղպտի ֊Ուղղափառ Եկեղեցու Գերմանիայի առաջնորդներ Անբա Դամիան եւ Անբա Միքայէլ եպիսկոպոսները, Հռոմի առաջնորդ Անբա Բառնաբա եպիսկոպոսը, Անտիոքի Ասորի֊Ուղղափառ Եկեղեցու Հոլանդիայի առաջնորդ Պոլիկարպոս Այդին մետրոպոլիտը, Գերմանիայի առաջնորդ Մաթիաս Նայիշ Արքեպիսկոպոսը։ 

Հայ Առաքելական Եկեղեցու կողմից բացի Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սերովբէ Եպս. Իսախանեանից մասնակցում են նաեւ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Տաթեւ Եպս. Յակոբեանը, Բալթեան երկրների թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վարդան Եպս. Նաւասարդեանը, Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերշ. Տ. Տիրան Եպս. Պետրոսեանը, Ֆրանսայի հայոց թեմի առաջնորդ Հոգշ. Գրիգոր Վրդ. Խաչատրեանը, Յունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգշ. Տ. Խորէն Վրդ. Առաքելեանը։ Հանդիպմանը մասնակցելու էր նաեւ Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերշ. Տ. Խաժակ Արքեպս. Պարսամեանը, որ սակայն առողջական պատճառներով չկարողացաւ ժամանել Գերմանիա։ 

Առաջնորդների հանդիպումը սկսուեց Ղպտի֊Ուղղափառ Սբ. Պատարագով, որից յետոյ ընթերցուեցին Արեւելեան֊Ուղղափառ եկեղեցապետերի ուղերձները։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի անգլերէն ուղերձը ընթերցեց Տիրան Սրբազանը։ 

Երկօրեայ նիստերի ընթացքում Արեւելեան֊Ուղղափառ եկեղեցիների առաջնորդները խորհրդակցելու են եկեղեցիները յուզող զանազան հարցերի մասին եւ քննարկելու են մարտահրաւէրները միասնաբար դիմագրաւելու հնարաւորութիւնները։