Այս բողոքը հասունցած է հայ ժողովուրդի մէջ, այլ հարց է, թէ բողոքի ալիքը ճիշդ կը տանին, թէ սխալ, այդ պիտի վճռուի այս օրերուն։
Այս մասին Յաղթանակի զբօսայգիին մէջ լրագրողներու հետ զրոյցին ըսած է Հայ ազգային քոնկրեսի փոխնախագահ Լեւոն Զուրապեանը։
«Դժգոհութիւնը շատ մեծ է, ժողովրդի զանգուածային ընդվզման նախադրեալերը շատ մեծ են, ամէն ինչ կախուած է այսօրուայ նախաձեռնողներից, նրանց քաղաքական ուղերձներից, քայլերից։ Միայն իշխանափոխութեան պահանջը չէ, ճիշդ ուղերձ է նաեւ այն, թէ ինչի համար ես քննադատում Նիկոլ Փաշինեանին։ Ինչ-որ մէկը կարող է գայ ասի՝ ուզում ենք Ուիլսոնեան Հայաստանը վերականգնենք, եթէ չես անում, քեզ քննադատում ենք, կամ այն ինչ արեց պառլամենտական ընդդիմութիւնը, երբ ասաց՝ եկէք 1993թ-ի ճակատային գծով անենք սահմանազատումը, ինչը յիմարութիւն է։
Եթէ այդ տեսակէտից պէտք է սկսեն քննադատել Նիկոլ Փաշինեանին, դրանով միայն կ՚ուժեղացնեն նրան։ Իսկ, եթէ խօսքը գնայ նորմալ, ռէալ պահանջների մասին, օրինակ մերժել այս անգլուխ հատուածային սահմանազատումը, առաջարկել ամբողջական սահմանազատում, բայց չմերժելով սահմանազատման գաղափարը կամ Ադրբեջանի հետ հաշտութեան գնալու գաղափարը։ Եթէ մօտեցումները այսպիսին լինեն, ժողովուրդ կը հաւաքուի»,- ըսած է ան։
Զուրաբեանի խօսքով՝ շարժումը պէտք չէ ունենայ արկածախնդրային օրակարգ, հակառակ պարագային այն անյաջողութեան պիտի մատնուի։
«Եթէ ամէն ինչ ճիշդ արուի, կարելի է հասնել արդիւնքի, բայց չենք կարող ոչինչ երաշխաւորել։ Հարցերը պէտք է լուծել ընտրութիւններով, ուրիշ տարբերակ չկայ։ ՀԱԿ-ը ունի շատ կոշտ քննադատութիւն Նիկոլ Փաշինեանի վարած քաղաքականութեանը ու համերաշխ ենք բողոքի ալիքի հետ, բայց ամէն ինչ կախուած է քաղաքական մեսիջներից։ ՀԱԿ-ի բառապաշարում միանալ բառ չկայ, մենք կամ առաջնորդում ենք կամ հետեւում ենք ու տալիս ենք գնահատական։
Եթէ այս շարժումը հարթակ հանի մարդկանց, որոնց ժողովուրդը չի ընդունում, եթէ հարթակը սխալ ձեւաւորուի, դա խնդիր է, եւ շարժումը անյաջողութիւններ կ՚ունենայ»,- ընդգծած է Զուրաբեանը։
Անոր խօսքով առայժմ ձեւաւորուած հարթակ ինքը չի տեսներ։