«Փետրուարի 3-ին պատիւ ունեցայ ներկայ գտնուել եւ ելոյթով հանդէս գալ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում Հ․ Յ․ Դաշնակցութեան հիմնադրման 133-ամեակին նուիրուած հանդիսաւոր տօնակատարութեանը», այս մասին դիմատետրեան իր էջին գրած է Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը:
«Երեկոյին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, թեմի հոգեւորական դասի եւ ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, մի շարք այլ հրաւիրեալներ։
Ելոյթում նշել եմ, որ «Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հաւատալու, մեր ինքնավստահութիւնը նորոգելու, մեր միասնութիւնը վերականգնելու հրամայականի առջեւ ենք։
Հայաստանում շատերը կարծում են, որ իրենք չեն կարող ազդել քաղաքական գործընթացների վրայ։ Մտածում են, որ այս ամէնը մեծ տերութիւնների խաղ է, որի վրայ ժողովուրդը չի կարող ազդել։ Դա այդպէս չէ: Մենք պէտք է ապացուցենք, որ իրադրութեան տէրը ժողովուրդն է, ժողովուրդն է այն գործօնը, որը կարող է փոխել իրավիճակը եւ մենք ժողովրդին պէտք է առաջարկենք այդ գործիքակազմը»։
Դաշնակցական ընկերներիս ուղղուած հատուածում շեշտել եմ, որ «Եթէ մեր ժողովուրդը յուսահատւում եւ տատանւում է, ուրեմն մենք պէտք է լոյսի եւ յոյսի ճրագ վառողը դառնանք նրա համար։
Եթէ մեր ժողովուրդը նետւում է մարտի, ուրեմն մենք պէտք է լինենք նրա առաջնորդողը։
Եթէ մեր ժողովուրդը շարժւում է դէպի անդունդ, ուրեմն մենք պէտք է դառնանք այդ ընթացքի կասեցնողը»»,- գրած է ան: