«Մենք մեր հարաբերությունները պահպանում ենք Սիրիայի իշխանությունների հետ և դա համարում ենք ճիշտ: Ով լինի Սիրիայում իշխանություն՝ մենք համագործակցելու ենք սիրիական իշխանությունների հետ: Թեև հայ համայնքը գրեթե ամբողջովին դուրս է եկել Սիրիայից, բայց այդուհանդերձ, մենք այնտեղ մոտ մի քանի հազար հայրենակիցներ ունենք, ու մեզ համար չափազանց կարևոր է նաև մեր պատմական ժառանգությունը: Այնպես որ, ես միայն ու միայն կցանկանամ՝ հնարավորինս կարճ ժամանակում խաղաղություն տիրի Սիրիայում: Ես կցանկանամ, որպեսզի սիրիացիները որոշեն, թե ով պետք է լինի իրենց ղեկավարը: Ես կցանկանամ, որպեսզի սիրիացիներն այսքան տանջանքից, այսքան չարչարանքից հետո հնարավորություն ունենան եռանդով լծվելու երկրի վերականգնմանը»,- արաբական Al Mayadeen հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ բազմիցս եղել է Սիրիայում, տեսել է ծաղկուն քաղաքներ, համայնքներ, ու նշեց, որ հիմա, երբ հեռուստատեսությամբ է տեսնում դրանք, ուղղակի դժվարանում է պատկերացնել, թե ինչի է ընդունակ մարդկային ցասումը, մարդկային ատելությունը:
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք բազմաթիվ արաբական երկրների հետ, և միջպետական այսօրվա մեր հարաբերություններն առաջին հերթին՝ հիմնված են հենց մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ստիպեց մեր ժողովրդի շատ զավակների՝ ապաստան փնտրել Մերձավոր Արևելքի երկրներում; Եվ իհարկե, մենք շատ-շատ շնորհակալ ենք, որ ոչ միայն ապաստան տրվեց Ցեղասպանությունից մազապուրծ եղածներին, այլև հնարավորություն ընձեռվեց նրանց՝ զարգանալու, հասնելու հաջողությունների: Բազմաթիվ են դեպքերը, երբ արաբական երկրներում ծագումով հայերն են պաշտոնյաներ: Ահա այս հիմքի վրա մենք զարգացնում ենք մեր պետական հարաբերությունները: Փայլուն հարաբերությունները դրսևորվում են մշտական համագործակցությամբ՝ քաղաքական ոլորտում, հումանիտար ոլորտում, տնտեսական ոլորտում»:
Վերջում նախագահը բոլոր այն արաբներին, ովքեր ուզում են տեսնել գեղեցիկ երկիր, լավ բնություն, համեղ ուտելիք՝ հրավիրեց Հայաստան. «Ակնկալիքս հետևյալն է, որ մենք մշտապես զարգացնենք մեր առևտրատնտեսական հարաբերությունները: Որևէ գաղտնիք չկա, որ արաբական երկրներում բավականին շատ կուտակված կապիտալ կա, որը մեծ ներդրումների ձևով տարածվում է աշխարհի բոլոր վայրերում: Ուզում եմ բոլորին ասել, որ այս առումով Հայաստանն ապահով երկիր է, և մեր պետությունը երաշխավորում է ցանկացած այդպիսի ներդրում: Ուզում եմ, որ մեր արաբ քույրերն ու եղբայրները վստահ լինեն, որ մենք կրոնական համերաշխության կողմնակիցն ենք, ուզում եմ, որ նրանք լավ վերաբերվեն այն հայ քույրերին ու եղբայրներին, ովքեր ապրում են այնտեղ: Համերաշխությունը միշտ հաջողություն է բերում»:
Պատրաստեց՝ ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ/168.am