Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանությունից տեղեկանում ենք, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան Արք. Մանուկյանը նամակ չի գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ չի պահանջել Վեհափառ Հայրապետի հրաժարականը: Այս հայտարարության համար հիմք է հանդիսացել Հայաստան ուղարկված մի նամակ, որը ոմանք վերագրել են պատրիարքին: «Նամակը կեղծ է»,-տեղեկացնում են միաբանությունից:
Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել էր Նիկոլ Փաշինյանին ուղղված կարգալույծ հոգեւորական Նշան Հովհաննիսյանի (հոգեւորական անունով Խորեն վարդապետ Հովհաննիսյան) նամակը, իսկ որոշ կայքեր այն արտատպել են՝ փոխելով նամակի հեղինակի անունը: Այդ նամակում Նշան Հովհաննիսյանը քննադատում էր Ամենայն Հայոց կաթողիկոսին: Երուսաղեմից տեղեկացրին, թե հայաստանյան կայքերը կեղծել են նամակը եւ այն ներկայացրել իբրեւ Երուսաղեմի հայոց պատրիարքի նամակ: Մինչդեռ, Երուսաղեմի հայոց պատրիարքը Նիկոլ Փաշինյանին միայն շնորհավորական նամակ է հղել: