Այս օրերին Կատալոնիայի խորհրդարանում բացվել է «Էթնիկ զտումների դեմքերը» ցուցահանդեսը, որի հեղինակն է իսպանացի լուսանկարիչ Անդրեո Ֆերնանդեսը։ ցուցահանդեսի բացումը կատարել է խորհրդարանի նախագահ Խոսեփ Ռուլլը։
Արցախի 2023թ Անդրեո Ֆերնանդեսը 2023 թվականի սեպտեմբերին մեկնել էր Հայաստանի Վայքի շրջան եւ Գորիս, ու այնտեղ լուսանկարել էր Արցախից եկած փախստականներին։
Կատալոնիայի Արարատ միությունը համագործակցելով Բարսելոնայի մշակութային միության հետ, ինչպես նաեւ ստանալով Սանտա Կոլոմայի քաղաքապետարանի, Ֆերոլան ընկերության եւ Կատալոնիայի Խորհրդարանի աջակցությունը, իրականություն են դարձրել ցուցահանդեսի կազմակերպումը։
Ինչպես նշեց ՕՐԵՐ-ի հետ զրույցում Կատալոնիայի Արարատ միության նախագահ Սարգիս Հակոբյանը, իրենց նպատակն է, որ հայ ռազմագերիների ազատ արձակման եւ Արցախի թեմայով բարձրաձայնեն Կատալոնիայի խորհրդարանում ՝ այդպիսով ազդելով նաեւ քաղաքական դաշտի վրա։
Սարգիս Հակոբյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Խոսեփ Ռուլլին ջերմ ընդունելության համար։Արցախի էթնիկ զտումները նկարագրող ցուցահանդեսի բացումը Կատալոնիայի խորհրդարանում խորհրդանշում է,որ չնայած տարբեր ուժերի ազդեցությանը, Արցախի ժողովրդի եւ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդիրը մնում է չլուծված։ Բաքվի բանտերում որպես պատանդ շարունակում են մնալ հայ ռազմագերիներն ու Արցախի քաղաքական իշխանությունների ներկայացուցիչները ։
«Այս ցուցահանդեսը եւս մեկ անգամ վկայում է,որ Կատալոնիայի խորհրդարանն իր զորակցությունն է հայտնում Արցախի բռնագաղթած ժողովրդին,բանտերում պահվող գերիներին եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածաշրջանի խաղաղությանը»,- ասում է Սարգիս Հակոբյանը։
Լուրը՝ «Օրեր»էն