image

Երեւանը Պաքուին առաջարկած է սահմանազատման յանձնաժողովներու նիստ կայացնել սահմանին. Հայաստանի ԱԳՆ-ն արձագանգած է Ատրպէյճանի առաջարկին

 Երեւանը Պաքուին առաջարկած է սահմանազատման յանձնաժողովներու նիստ կայացնել սահմանին. Հայաստանի ԱԳՆ-ն արձագանգած է Ատրպէյճանի առաջարկին

Հայաստանի Արտաքին գործոց նախարարութիւնը, ի պատասխան Ատրպէյճանի՝ նախօրէին ուղարկած առաջարկի, հանդէս եկած է յայտարարութեամբ։

«Հայկական կողմը, եւս մէկ անգամ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ յարաբերութիւնների կարգաւորման եւ Հարաւային Կովկասում խաղաղութեան եւ կայունութեան հաստատման ուղղութեամբ, նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է փոխանցել յարաբերութիւնների կարգաւորմասն մասին համաձայնագրի իր 6-րդ խմբագրութիւնը։

Հարկ ենք համարում յիշեցնել, որ մինչ Հայաստանն ադրբեջանական վերջին առաջարկները ստանալուց յետոյ դիտարկում էր դրանք եւ պատրաստակամ էր շարունակել պայմանագրի նախագծի շուրջ բանակցութիւնները՝ չնայած ԼՂ-ում ծանր շրջափակման հետեւանքով օրէցօր սրուող մարդասիրական ճգնաժամին, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածաւալ ռազմական յարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դէմ, որը յանգեցրեց ԼՂ ողջ հայ բնակչութեան բռնի տեղահանման։

Յաջորդիւ, շարունակելով բացայայտ կերպով արհամարհել խաղաղութեան գործընթացին վերադառնալու հնարաւորութիւնը եւ այդ ուղղութեամբ միջազգային գործընկերների ջանքերը, ադրբեջանական կողմը չմասնակցեց նախ Եւրոպական քաղաքական համայնքի շրջանակներում Գրանադայում, ապա Բրիւսելում երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումներին, թէեւ այդ հնգակողմ եւ եռակողմ հանդիպումները նախապէս համաձայնեցուած էին:

Հայկական կողմը շարունակել է աշխատանքները համաձայնագրի տեքստի շուրջ եւ առաւել արդիւնաւէտ է համարել դրանք ներկայացնել Ադրբեջանին հենց ենթադրուող հանդիպումների ընթացքում։ Այնուամենայնիւ, բանակցային գործընթացը փակուղի մտցնելու եւ մեր տարածաշրջանում տեւական խաղաղութեան հասնելու փորձերը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետութիւնը կառուցողականօրէն փոխանցել է համաձայնագրի վերաբերեալ իր դիտարկումները եւ, ինչպէս բազմիցս նախկինում, ապացուցել է, որ պատրաստ է կրկին ներգրաւուել բանակցութիւններում՝ որպէս ուղենիշ ունենալով՝

միմեանց տարածքային ամբողջականութեան՝ առանց երկիմաստութիւնների փոխադարձ ճանաչումը եւ յարգումը,

համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի եւ խորհրդային ամենաթարմ լեգիտիմ քարտէզների հիման վրայ հետագայ սահմանազատման գործընթացի իրականացումը,

պետութիւնների ինքնիշխանութեան ու իրաւազօրութեան լիակատար յարգման եւ հաւասարութեան ու փոխադարձութեան սկզբունքների հիման վրայ տարածաշրջանի ենթակառուցուածքների ապաշրջափակումը։

Հայկական կողմը շարունակում է կարծել, որ չնայած բոլոր բարդութիւններին եւ մարտահրաւէրներին՝ կայ երկու երկրների միջեւ խաղաղութեան հաստատման իրական հնարաւորութիւն, որը կարող է իրացուել երկուստեք քաղաքական կամքի առկայութեան պարագայում: Հայկական կողմը շարունակում է դրսեւորել այդ կամքը: Այդ կամքի արտայայտութիւններից է նաեւ այն, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման յանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջեւ պետական սահմանին»,-ըսուած է Արտաքին գործոց նախարարութեան յայտարարութեան մէջ։