2023թ. սեպտեմբերի 30-ին Երևանում, «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի մեծ սրահում կայացավ Ռամկավար Ազատական կուսակցության Հայաստանի հերթական 5-րդ (ընդհանուր հաշվարկով 26-րդ) Ընդհանուր Պատգամավորական ժողովը:
ՌԱԿ Հայաստանի բարձրագույն ղեկավար մարմնի աշխատանքներին մասնակցում էին Երևան քաղաքի և մարզերի ակումբների պատվիրակները:
Պատգամավորական ժողովին ողջույնի ուղերձ էր հղել ՌԱԿ սփյուռքի Կենտրոնական Վարչությունը` ի դեմս Ատենապետ ընկեր Մայք Խարապեանի, որն ընթերցեց փոխատենապետ ընկեր Ալեքսան Կարադանայանը:
Ժողովին ելույթ ունեցավ ՌԱԿ վաստակաշատ գործիչ ընկեր Վարդան Նազիրեանը, ով ողջունեց ՌԱԿ Հայաստան-սփյուռք համագործակցության գործընթացը` մաղթելով կուսակցությանը միասնական արգասաբեր գործունեություն:
Ժողովը լսեց ՌԱԿ Հայաստանի Հանրապետական վարչության, շրջանակների և ակումբների գործունեության չորս տարիների հաշվետվությունները:
Պատգամավորական ժողովը Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ ընտրեց ընկեր Հրաչյա Կարապետյանին:
Ժողովն ընտրեց ՌԱԿ միասնական Հանրապետական Վարչություն:
ՌԱԿ բարձրագույն մարմինը որոշում ընդունեց կատարել ՌԱԿ կանոնադրական մի շարք փոփոխություններ, այդ թվում` լուծարել ՌԱԿ Գերագույն խորհուրդ մարմինը, ՌԱԿ Կենտրոնական վարչությունը վերանվանել Հանրապետական վարչություն:
Ընդհանուր Պատգամավորական ժողովն ընդունեց Բանաձև` ազգային քաղաքականության կարևորագույն ոլորտներում Ռամկավար Ազատական կուսակցության գաղափարախոսության և սկզբունքների հետագա ուղեգիծը շարունակելու և զարգացնելու մասին:
ՌԱԿ Հանրապետական վարչության
Մամլո դիվան