«Դիմադրութիւն» շարժումը այսօր վաղ առաւօտէն վերսկսած էր անհնազանդութեան գործողութիւնները` Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով: Երեւանի տարբեր հատուածներու մէջ անոնք փողոցներ փակեցին: Կան բերման ենթարկուածներ:
Սարեան փողոցէն բերման ենթարկուեցաւ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի որդին` Լեւոն Քոչարեանը:
Քոչարեանը ոստիկանական ինքնաշարժէն ֆէյսպուքեան իր էջով «ուղիղ եթեր» մտած է:
«Մեզ բերման են ենթարկել, փորձում էին կոպիտ ձեւով, լկտի ձեւով, բայց ինչ որ է, էդ ամէն ինչի պատասխանը յետագայում կտրուի: Ինչն է հետաքրքիր, որ մեզ մօտ 8.30-ին են բերման ենթարկել, մօտ 50 րոպէ խցանումների միջով բերեցին Զէյթունի բաժին, հասանք, յետոյ ասացին` տեղ չկայ, մեզ հիմա տանում են Էրեբունու բաժին: Չեն էլ կարողանում էս ամէն ինչը կոորդինացնել, կազմակերպել:
Մեզ մօտ տրամադրութիւնը մարտական է, մենք գիտենք ուր ենք գնում, այնպէս որ մի վախեցէք բերման ենթարկուելուց: Պայքարը շարունակում ենք, պէտք չի գալ բաժին, աւելի լաւ է դուրս եկէք եւ շարունակէք այն, ինչ անում ենք», ըսաւ ան:
Յիշեցնենք, որ այս երկրորդ անգամն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի տղան բերման կ՚ենթարկուի: