Քանի որ բազմաթիւ հարցեր ստացանք, թէ ինչու Բագրատ Սրբազանը հրաժարած է Սուրբ Հաղորդութենէն, ուզեցինք պարզաբանում տարածել: Այս մասին գրուած է Բագրատ Սրբազանի դիմատետրեան էջին։
«Բանն այն է, որ ՀՀ Արդարադատութեան նախարարութեան ապօրինի որոշմամբ արգելուել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակուած եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր: Շրջանցելով Մայր Աթոռը եւ անտեսելով իրաւական կարգաւորումները`անհատ եկեղեցականների հետ կնքուել են աշխատանքային պայմանագրեր:
Զինուած ուժերից գնդերեցներին հեռացնելուց յետոյ սա յաջորդ քայլն է` պետական կառոյցների եւ Մայր Աթոռի համագործակցութիւնը դադրեցնելու:
Յիշեցնենք, որ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ՀՀ Արդարադատութեան նախարարութեան միջեւ կայ կնքուած պայմանագիր քրէակատարողական հիմնարկներում հոգեխնամ ծառայութիւն մատուցելու համար: Վերագրեալի պատճառով` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը նման որոշում է կայացրել»: