Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը կը շարունակէ 16 յունուարին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Վարման կարգով ելոյթ ունեցած է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբէն Ռուբինեանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Արծուիկ Մինասեանին եւ Արթուր Խաչատրեանին։
«Պէտք չէ նյարդայնանալ կամ սրտնեղել իմ ասածներից, ես շատ պարզ բան եմ ասում։ Դուք շարունակաբար, գրեթէ մեխանիկօրէն, գրեթէ բոլոր նախագծերին քուէարկում էք ձեռնպահ, ընդ որում` առանց հիմնաւորելու ձեր քուէարկութեան պատճառը։ Ես կարծում եմ, որ քաղաքացիները`այդ թուում ձեզ ընտրած, բայց ոչ միայն ձեզ ընտրած, որոնցից մէկն եմ ես, իրաւունք ունեն իմանալու՝ ի վերջոյ ձեր դիրքորոշումները որոնք են։ Այլ բան, որ գուցէ ձեր դիրքորոշումը ընդհանրապէս ձեռնպահ լինելն է խորհրդարանում, երկրում եւ ընդհանրապէս, բայց դա այլ հարց է»,- ըսած է Ռուբինեան։
Վերջինիս արձագանգած է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը՝ նշելով․
«Պարո՛ն Ռուբինեան, չգիտեմ ինչից էք նեղուել, գուցէ ինչ-որ զարգացումներ են եղել, շատ էք նեղուել, բայց մի դիրքորոշում յստակ կայ՝ Կառավարութեան կողմից Ազգային ժողով բերւում են հազար ու մի տեսակ ոչ էական, ամէն շաբաթ փոփոխուող օրէնքների նախագծեր, որոնք էական որեւէ բան չեն փոխում մեր երկրում։ Դիրքորոշման առումով մի բան յստակ գիտենք՝ այս կառավարութիւնը անելիք չունի մեր երկրում, այս մի բանը յստակ գիտենք։ Յստակ ցուցանել ենք, որ այս կամ այն նախագիծը վտանգաւոր է, այս կառուցուածքային փոփոխութիւնը վտանգաւոր է, յետոյ ժամանակը գալու է մեր դիրքորոշումներին հակառակ ձեր կողմ քուէարկելու համար մի օր յետոյ զղջալու էք»։
«Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Հայկ Մամիջանեանը եւս արձագանգած է Ռուբէն Ռուբինեանին, որ յայտարարած էր, թէ «ընդդիմութիւնը ձեռնպահ է քուէարկում նախագծերին, որ չզրկուի աշխատավարձից»։
«Մենք դիրքորոշում ենք յայտնել մի շատ կարեւոր հարցում, որի շուրջ կարծիք, ոնց որ թէ, չէք համարձակւում ասել ոչ մէկդ, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չպէտք է լինի։ Երբ որ դրա դիրքորոշումը կ'ասէք, ձեր սնդիկ փարթիների մասին դիրքորոշումը կը լսէք: Երկրորդը, ես շատ ներողութիւն եմ խնդրում Արցախի այն քաղաքացիներից, որոնք ընդհատուող ինտերնետով ու բլոկադայի պայմաններում ստիպուած են նայել էս «նապաստակ նկարոցին»։
Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, դուք ձեր սեփական կուսակցութեան վարչութեան ընտրութեան ժամանակուայ ընտրակեղծարարներին պարզէք, յետոյ մնացածին անցէք», -ըսած է Հայկ Մամիջանեանը։
Ընդդիմադիր պատգամաւորներու խօսքին արձագանգած է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանը. «Նախ, ինչն է խանգարում, որ դուք, պարոն Մանուկեան, օրէնսդրական նախաձեռնութեամբ հանդէս գաք, երկրորդ, ես չեմ հասկանում՝ ինչ գործ ունի «նապաստակ փարթիին» ձեր նման լուրջ քաղաքական գործիչը»: