image

Այգաբացը Միգապատ. Անկախութիւն, նախագահ եւ մտաւորականութիւն

Այգաբացը Միգապատ. Անկախութիւն, նախագահ եւ մտաւորականութիւն

Հայութիւնը կրկին ազգային ողբերգութիւն կ'ապրի. աշխարհի աչքին առջեւ տեղի  ունեցաւ հայութեան ամենամեծ գաղթերէն մէկը… Արցախը կը դատարկուի. արցախցիները կը լքեն իրենց բնօրրանը: Եւ այս ամէնուն զուգահեռ՝ չեն դադրիր իշխանական, ներկուսակցական, քաղաքական կռիւները, մեղադրանքները: Կրկին փոթորկուած է քաղաքական կեանքը՝ ընդդիմութիւն, իշխանութիւն, տարբեր գործիչներ զիրար կը մեղադրեն ամենակարեւոր հարցերու եւ յատկապէս՝ Հայաստանն ու Արցախն այս օրուան հասցնելու մէջ: Իսկ մտաւորականութեան ձայնը խզուած է այս անզուսպ աղմուկին մէջ: Ի՞նչ դեր ունի մտաւորականութունը եւ ինչպիսի՞ն եղած է անոր ձայնի ազդեցութիւնը 1990-ականներու սկզիբը, երբ կրկին փոթորկուած էր Հայաստանը, եւ հայութիւնը նորէն իրարայաջորդ ողբերգութիւններ կ'ապրէր:

Գրող, մտաւորական, հրապարակախօս Ստեփան Ալաճաճեանի՝ 1993 թուականին գրուած յօդուած մը նուիրուած է այդ թեմային: Ան, ըլլալով մտաւորական եւ միշտ ունենալով իր ազդեցիկ ձայնը ազգային զանազան հարցերու մէջ, յօդուածով կը կարողանայ տալ մտաւորական մարդու ձայնի կշիռը՝ երկրի համար ամենաօրհասական օրերուն: «Արեւելք», շարունակելով թուայնացնել Ստեփան Ալաճաճեանի յօդուածները, այսօր, արդիական նկատելով, կը ներկայացնէ «Այգաբացը միգապատ» յօդուածաշարի մէկ յօդուածը՝ «Անկախութիւն, նախագահ եւ մտաւորականութիւն» խորագիրով: 

 

ԱՆԿԱԽՈՒԹԻԻՆ, ՆԱԽԱԳԱՀ ԵԻ ՄՏԱԻՈՐԱԿԱՆՈՒԹԻԻՆԸ

Ես Լեւոն Տէր-Պետրոսեանի թուրքամէտութիւնը նկատեցի, երբ դեռ հանրապետութեան նախագահ չէր ընտրուել: Այն ժամանակ, Հայաստանի խորհրդարանը քննարկում էր Հայաստանի անկախութեան հռչակագրի (declaration) կէտերը. նա դէմ եղաւ ցեղասպանութեան, ինքնըստինքեան՝ հայ դատը նաեւ, մտցնել հռչակագրի որեւէ կէտում կա թէկուզ իբրեւ յաւելուած: 

Բացայայտ դէմ էր:

Եւ դէմ քուէարկեց: Փակ էր քուէարկութիւնը, գաղտնի ու անուանական, բայց հետագայում հրապարակուեց մամուլում: Նրա դիմաց գրուած է՝ դէմ:

Ես սպասում էի, որ սփիւռքահայութիւնը կը բողոքի, քանզի ցեղապանութեան հետեւանքն է այսօրուայ սփիւռքի գոյառումը եւ հայկական դատի հիմնական բեռը ընկնում է նրա շալակին: Հայրենի երկրում որեւէ մէկի կողմից ցեղասպանութեան անտեսումը կամ պետական քաղաքականութեան մէջ այն չդրսեւորելով հանդերձ, նրա վերակոչման անտեսումը ժողովրդի մէջ ներելի չէ: Իմ ժողովուրդը ցեղասպանութեան զոհ է դարձել, մէկ եւ կէս միլիոն հարազատ է կորցրել, տեղահանուել է այն հողից, որ իր ծննդավայրն է եղել, այն հողից, որ պատկանել էին մեր պապերին եւ մինչեւ այսօր այդ հողի կանչն է զգում իր արեան մէջ, իր լսելիքներում: Զարմացայ, սփիւռքի լռութեան վրայ:

Ինքս մի յօդուած գրեցի Հայաստանի մշակոյթի նախարարութեան կողմից հրատարակուող «Յուշարար» թերթի Ապրիլ 24-ի համարում՝ «Մի յորդորէք մոռանալ» վերնագրով, եւ բացատրեցի, թէ ինչո՛ւ: 

Չբողոքեցին նաեւ հայրենի երկրում: Այսուհանդերձ, Լեւոն Տէր-Պետրոսեանը ընտրուեց հանրապետութեան նախագահ, այն հանրապետութեան, որ ստացել էր իր անկախութիւնը եւ ունէր անկախութեան հոչակագիր: Մեծ էր համակրանքը նրա հանդէպ, մեծ էր նրա ժողովրդականութիւնը: Վայելուչ էր հագնւում, կեցուածք եւ խօսելաձեւ ունէր:

Նա իր ընտրարշաւի ժամանակ  «վստահուած անձ» նշանակեց ոչ թէ ՀՇՇ-ականներ, այլ հայ մտաւորականութիւնից, եւ հայ մտաւորականները ընտրութեան նախօրէին հանդէս եկան պատկերացոյցով ու կոչ արին, որ ժողովուրդը իր քուէն տայ Լեւոն Տէր-Պետրոսեանին: Նրանց մէջ էին Համօ Սահեանը, Գրիգոր Խանջեանը, Տիգրան Մանսուրեանը եւ Հրանտ Մաթեւոսեանը: Ուրեմն հայ մտաւորականութեան մի մասը ջատագովն էր Լեւոն Տէր Պետրոսեանի:

Հայ մտաւորականներից շատերը «Ղարաբաղ» կոմիտէի կողքին էին նաեւ այն ժամանակ, երբ հարիւր հազարներ էին հաւաքւում Օպերայի Հրապարակում եւ մերձակայ պողոտաների վրայ: Հայ մտաւորականները «Ղարաբաղ» կոմիտէի անդամների կողքին հաւասարապէս ելոյթ էին ունենում բարձրախօսներով եւ կոչ էին անում պահանջել Ղարաբաղի եւ Հայաստանի միացումը: Այդ ժամանակ, սակայն, «Ղարաբաղ» կոմիտէն չէր պահանջում ազգային անկախութիւն եւ ձայն չէր տալիս անկախութիւն պահանջող Ազգային Ինքնորոշման Միութեան անդամներին: 

Լոզունգներն ուրիշ էին:

Հայ մտաւորականութիւնը իր բողոքի ձայնը բարձրացրեց, երբ ձերբակալեցին «Ղարաբաղ»  կոմիտէի ղեկավարներին:

Լռեց: 

Այսօր ինձ զարմացնում է տարածուած այն արտայայտութիւնը, թէ հայ մտաւորականութիւնը մեկուսացած է կամ մեկուսացուած: Բնաւ՝ ո՛չ: Այսօր հայ մտաւորականութեան նկատմամբ տարուող քաղաքականութիւնը ուրիշ բան է:

Հայ մտաւորականութիւնը չի մեկուսացուել: Ուզենան էլ՝ չեն կարող: Ստեղծուել է նոյնիսկ հայ մտաւորականների միութիւն:

Բաց արէք Հայաստանի բոլոր թերթերը եւ կը համոզուէք, որ հայ մտաւորականութիւնը անդրադառնում է ամէն մի կենսական հարցի, երկուայ բռունցքուած ամբոխի ելոյթներից, միտինգներից սկսած, նոյն ամբոխի բռունցքների բացուելուն՝ յանուն մուրացկանութեան, յանուն դրսից օգնութիւն խնդրելու եւ եկած օգնութիւնից բաժին ստանալու:

Հայ մտաւորականութիւնը տեսնում է, որ պետութիւնից սկսած մինչեւ վերջին քաղաքացին կարծես ենթակայ է դարձել մուրացկանութեան եւ սպասում է դրսի օգնութեանը:

Բանն այն է, որ ճշմարիտ կամ իրաւ հայ մտաւորականութեան մեծամասնութիւնը այս տրուած կամ ստացուած անկախութիւնը չընդունեց իբրեւ մեր երազած անկախութեան իրականացում: Մեր ժողովրդին, Սփիւռքում թէ Հայրենիքում իզուր էին այնչափ խանդավառում, թէ արդէն մենք հասել ենք ազատութեան եւ անկախութեան, ունենք ժողովրդավարական պետականութիւն, մեր սեփական ճակատագիրը որոշելու, որի համար էլ պայքարում էինք:

Ո՞վ էր պայքարում, որտե՞ղ, ե՞րբ, ինչպէ՞ս: Մի կաթիլ արեա՞մբ: Մտաւորականութիւնը, յատկապէս նրա այն շրջապատը, որին պատկանում եմ ես, չընդունեց այդ շուտասելուկը:

Որովհետեւ մեր սահմանը մերը չէր, այլ՝ միութենական: Մեր սահմանին ռուս զինուորն էր: Ուրիշ հարց էր, թէ՝ աւելի լաւ: Մեր դրամը ռուբլին էր: Չունէինք մեր զօրքը: Մեր Սահմանադրութիւնը չունէինք, չունէինք մեր օդային ու ցամաքային ուղիները դէպի ազատ աշխարհ դուրս գալու, շրջափակման մէջ էինք: Կախման մէջ էինք. կախման մէջ մեր հարեւաններից եւ յատկապէս՝ Մոսկուայից: Ուրեմն՝ ոչ անկախ: Ու երբ հայ մտաւորականութիւնը չընդունեց եւ չէր էլ կարող ընդունել Օպերայի հրապարակում սարքուած միտինգների մասնակցող մարդկանց կամ ՀՀՇ-ին պատկանելու շնորհիւ իշխանութեան տալու քաղաքականութիւնը եւ համարեց որ այսօրուայ պաշտօնէութիւնը հրապարակներից բերուած ղեկավարութիւն է: 

Կան նրանց մէջ արժանաւորներ:

Կը լինեն: Բացառուած չէ: Բայց մեծամասնութիւնը, Աստուա՜ծ իմ, քաղաքների ու շրջանների նախագահներ, նախարարներ ու տեղական նախագահներ ու վարչութիւնների պետեր, հայերէն խօսել չգիտեն,  եկէք եւ լսէք նրանց հարցազրոյցները պատկերացոյցով: Նախագահի աչքերի, մեր ժողովրդի աչքերի առջեւ մորթւում է հայոց լեզուն: 

Մամուլի լեզուով սրան ասում են կադրային սխալ քաղաքականութիւն: 

Նախագահը խուլ է մնացել: Խո՞ւլ է, թէ՞ անտարբեր, չգիտեմ: Մտաւորականութիւնը չներեց նաեւ այն, որ ո՛չ նախագահը, ո՛չ կառավարութիւնը ժողովրդին չներկայացրին գործունէութեան պետական ծրագիր, չստեղծուեց ազգային բանակ, չտրուեց սահմանադրութիւն. տրուած միակ ծրագիրը՝ տնտեսականը, նման էր թէզի պաշտպանութեան, Հայաստանում կոչւում է ռեֆերատ կամ դիսերտացիայի թեմայ:

Եւ մտաւորականութիւնը այդ բոլորը բացատրեց (այսինքն՝ ծրագրերի բացակայութիւնը) նախագահի եւ վարչապետի՝ երկիրը առանց օրէնքների, միահեծան, իրենց ուզածի ու ասածի պէս ղեկավարելու մտադրութիւն:

Ամէն ինչ թելադրւում էր վերեւից, որովհետեւ երկիրը չունէր հիմնական օրէնք, չստեղծուեց եւ որի պատճառով չպատժուեց ոչ մի յանցագործ, պետական հասարակական, կաշառակեր կամ դրամաշորթ,  նշանակուած պաշտօնեայ կամ խորհրդական, նոյնիսկ որոշ բարձրաստիճան մարդկանց յանցագործութիւնների դէմ հանրապետութեան դատախազի յարուցած բողոքները արգելակուեցին:

Չտրուեցին մեր արտաքին ու ներքին քաղաքականութեան որդեգրուելիք հիմնական գծերը, գէթ՝ ուղղութիւնները: Կը բաւարարուէր արդեօ՞ք մտաւորականութիւնը լոկ այնպիսի յայտարարութեամբ, թէ հարեւան պետութիւնների հետ կը լինի բարիդրացիական յարաբերութիւն:  Կան պետութիւններ, որ հարեւան են, բայց ոչ՝ բարեկամ: Յայտարարուեց, որ Հայաստանը կը վարի խաղաղասէր քաղաքականութիւն: Իսկ ո՜ր նախագահն է մինչեւ այսօր յայտարարել, թէ ինքը կը վարի ռազմական քաղաքականութիւն: 

Si vis pacem para bellum (թէ խաղաղութիւն կ՚ուզես, ապա՝ զինուիր):  Դարերից եկած այս իմաստուն, հոոմէական արտայայտութիւնը նրա համար է գրի առնուած, որ ասուի, թէ խաղաղութիւն ցանկացող զինուածին զսպելու համար ինքն էլ պէտք է զինուի, այլապես անզէնին իրենց կամքը կը պարտադրեն բոլոր զինեալները, դրա համար մտաւորականութիւնը, նրա հետ նաեւ շատ կուսակցութիւններ, դատապարտեց սեփական բանակ ստեղծելու ձգձգումը:

Խաղաղութիւն ցանկանալը ծրագիր չէր կարող լինել եւ ոչ էլ բանակ ստեղծելու պատճառ: Մոսկուան Ադրբէյջանին յանձնեց սովետներից նրան հասանելիք բաժինը՝ տանկեր, զրահասայլեր, թնդանօթներ, ռմբակոծիչներ, իսկ մե՞զ, շատ ուշացրեց:

Դա արուեց Թուրքիայի թելադրանքո՞վ, իբրեւ ի նշան մեծ քաղաքականութեան մասնիկ, որպէսզի Ադրբէյջանը շուտ վերջացնի ու լուծի Ղարաբաղի հարցը, թէ՞ կային այլ պատճառներ: Ինչո՞ւ եւ ինչո՞ւ ձգձուեց մեզ հասանելիք բաժինը: Նրա համա՞ր, որ մեր նախագահը գտնում էր, որ խաղաղասէր ենք, ուստի չպէտք է զինուել, թէ՞ կային այլ պատճառներ:

Մտաւորականութիւնը չհասկացաւ այս փաստի ներքին գաղտնիքները եւ դժգոհեց նախագահից:

Այսպիսի մտաւորականութիւնը չէր կարող հաճելի լինել, իհարկէ ո՛չ նախագահին, ո՛չ վարչապետին:

Երկրի ղեկավարման, տնտեսութեան խոշոր քայլերում տարուող ընդօրինակելու ձեւը մտաւորականութիւնը համարեց սխալ: Այո՛, ամէն ինչ ընդօրինակւում էր:

Ամէն ինչում հետեւում էին Մոսկուային, կապկում՝ առանց հաշուի անելու մեր տնտեսութեան ուժն ու մեր ազգային առանձնայատկութիւնները, մեր արդիւնաբերութեան փոքրութիւնն ու ընդերքի հարստութեան անբաւարար քանակը: Հայաստանի հնարաւորութիւններն ուրիշ են, Ռուսաստանինը՝ ուրիշ: Այնուհանդերձ, շարունակեցին ընդօրինակել ամէն ինչ: Սեփականաշնորհման հարցում էլ նոյնիսկ առջեւից ընթանալ, այն էլ հպարտանալով, որ առջեւից ենք գնում, մոռանալով, որ շատ առջեւից ընթացողի քթին են խփում, իսկ սահմանադրութիւն, բանակ եւ սեփական քաղաքականութիւն ունենալու հարցում մնացինք ետեւում, մոռանալով, որ շատ ետեւում մնացողի քամակին են խփում:

Ո՞ւր հասցրին երկիրը: Ի՞նչ դարձաւ իմ Հայաստանը եւ նրա մայրաքաղաքը, իմ գեղեցիկ Երեւանը, որ ոչ թէ կոմունիստներինն էր, այլ ժողովրդինը, իմ ժողովուրդը իր քրտինքով, իր ջանքերով, իր տաղանդով էր կառուցել այն՝ բռնութեան ու սահմանափակումների ներքոյ: Այնտեղ վեհ կեցուածքը դեռ չեն կորցրել Մատենադարանն ու Յաղթանակի Բարձունքը, Օպերան ու բազում-բազում շինութիւններ, Սասունցի Դաւթի արձանն ու Վարդան Մամիկոնեանի արձանը: Դեռ կայ Արագածի Աստղադիտարանը: 

Բայց ինչո՞ւ չեմ կարողանում մտաբերել որեւէ կառոյց, որ բարձրացուած լինի արդի իշխանութիւնների կողմից: Բայց մտաբերում եմ ուրիշ բան:

Հայ մտաւորականութեան ստեղծագործական մասը, որ անչափ զզուելի էր նախկին վարչակարգին, երեք հսկող մարմինների աչքերից՝ Անվտանգութեան Կոմիտէի, կուսակցութեան եւ գրաքննութեան անվերջ հսկողութիւնից, նոյնիսկ մտաւորական կոմունիստները, եւ երազում էր իր երկրի համար անկախութիւն եւ ազատութիւն, հենց առաջինը, նրանց ճնշումներից ձերբազատուելու համար, յանկարծ ինքնիրեն գտաւ անհրատարակելիութեան առջեւ: Փակ տպարաննե՜ր, թուղթը՝ անմատչելի: 

Էլ ինչպէ՜ս կարող ես համակրել այս կառավարութեան եւ նրա նախագահին:

Մեղք էր ստեղծագործ մտաւորականութիւնը:

Չի կարելի այդպէս վարուել նրա հետ: Ոչ մի երկրում ոչ ոք չի գնահատում իր նախագահին, երբ նա չգիտէ գնահատել իր տաղանդաւոր զաւակներին:

Նուազ մտահոգիչ չէ տեխնիկական-գիտական մտաւորականութեան նկատմամբ եղած անտարբերութիւնը: Մեր գիտնականները լքում են հայրենիքը, հեռանում են Հայաստանից: Մեր փորձագէտները աշխատանք են որոնում Ռուսաստանում եւ այլ հանրապետութիւններում: Ո՞վ կարող է սիրել այն պետականութիւնը, ուր գիտնականը աշխատանք ու տեղ չունի:

Պիտի ների՞ հայ մտաւորականութիւնը նրանց, ովքեր ձեռք բարձրացրին Չարենցի տուն-թանգարանի, այլ յուշարձանների եւ կոթողների վրայ՝ դրանք աւերելու համար: Մեր յուշարձանները մեր պատմութիւնն են, իսկ մեր պատմութեան վրայ կարող է ձեռք բարձրացնել միայն նա, ով իմ ժողովրդի թշնամին է: Ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը չուզեցին պատժել այդ չարագործներին:

Այս բոլորով հանդերձ, մտաւորականութիւնը պահպանեց իր յարգանքը նախագահի եւ վարչապետի հանդէպ: Քանզի շատ-շատ էր երազել ունենալ անկախութիւն, դեմոկրատական հանրապետութիւն, նախագահ, իրաւական պետութիւն: Այդպէս եւ նոյնքան երազել էր նաեւ սփիւռքի հայութիւնը:

Անձերը կարեւոր չէին, թէ ո՛վ էր նախագահը, ո՛վ էր վարչապետը: 

Մեզ համար կարեւորագոյնը այն էր, որ հռչակուած էր Հայաստանի անկախութիւնը եւ մենք ունէինք նախագահ, վարչապետ: Պիտի յարգենք նրանց:

Այսպէս պիտի զգայ ամէն մի հայ, որ սիրում է հայրենիքը եւ մտահոգուած է իր ժողովրդի ճակատագրով:

Բայց այսօրուայ կացութիւնը, Աստուա՜ծ իմ, այսօրուայ իրադարձութիւնները հոգիդ դատարկում են հայրենիքի զգացողութիւնից, ուղեղդ դատարկում են պետական մտածողութիւնից, ուզում ես փախչել, հեռանալ, որպէսզի չտեսնես քո ժողովրդի թշուառ վիճակը: Ոչ թէ ձմեռ է, ձմեռ է նաեւ հայ ժողովրդի հոգում: Ոչ թէ լոյս չկայ տներում, այլ՝ հոգիներում:

Ոմանք փորձում են այսօրուայ իրադարձութիւնները վերագրել խորհրդարանի անմիտ գործունէութեանը: Դա կիսատ ճշմարտութիւն է:

Կիսատ ճշմարտութիւն է նաեւ այն, որ դա հետեւանք է նախագահի եւ խորհրդարանի, վարչապետարանի եւ խորհրդարանի միջեւ եղած հակամարտութիւններին:

Ամէնից առաջ Հայաստանի եւ ապա Սփիւռքի հայութիւնը պետք է յիշէ, որ այսօրուայ Հայաստանի խորհրդարանը ընտրուած է կոմունիստների օրօք եւ ոչ թէ անկախութիւնից յետոյ, հետեւաբար չի արտայայտում անկախութիւն ստացած ողջ ժողովրդի կամքը:

Սկզբում այդ խորհրդարանում կոմունիստները թէեւ փոքրաթիւ, բայց մեծամասնութիւն էին. բոլոր շրջաններից ընտրուել էին շրջկոմիտէների քարտուղարներն ու գործկոմների նախագահները, որոնք կազմակերպուած բայց փոքրաթիւ ՀՀՇ-ականների դիմաց մնացել էին երկչոտ ու միամիտ, քանզի ՀՀՇ-ականները յաղթանակի դէպքում էլ ուզում էին մնալ իրենց պաշտօնների վրայ:

Ու յանկարծ… նրանցից ոմանք՝ հռչակուած կոմունիստներ, շքանշանակիր եւ դափնեկիր, սողոսկեցին Հայաստանի նորակազմ այլ կուսակցութիւնների մէջ: Այսօրուայ Հայաստանի խորհրդարանը այն չէ, որ պէտք է իմ երկրին: Այս կարծիքը միայն իմս չէ: Ես կարող եմ վկայակոչել եօթանասուն հայ մտաւորականների, որոնց հետ զրուցել եմ անցեալ տարի զանազան վայրերում՝ մեր հանդիպման ժամանակ, եւ ոչ էլ ՀՀՇ-ականների ներկայացուցիչներից շատերն են արժանի խորհրդարանի անդամ դառնալ:

Խորհրդարանի մէջ եւ ինքը խորհրդարանը բազմակարծութեան, կուսակցական ազնիւ պայքարի արդիւնք չէ: Նրանց ֆրաքցիաները (ներկայացուցչական խմբակները) յետոյ երեւացին, յետոյ կազմաւորուեցին, հետեւապէս խորհրդարանը իր հիմքում չունի ժողովրդական ընտրութեամբ գոյացած արժանիքը: Ոչ խորհրդարանի նախագահ, ոչ կառավարութիւն-խորհրդարան, ոչ նախագահ-կառավարութիւն հակասութիւնն ու տարակարծութիւնը չէ:

Տարբեր կուսակցութիւններ տարբեր բացատրութիւն են տալիս: Հայ մտաւորականութիւնն էլ բազմակարծիք է:

Այսօրուայ վիճակի համար ոչ մի կուսակցութիւն պատասխանատու չէ, չի արդարացնում հանրապետութեան նախագահի դիրքը:

Դա կը նշանակէր գնահատել անհանդուրժողականութիւնը նախագահի  կողմից, որ եթէ այսօր ա՛յս կուսակցութեան նկատմամբ է, վաղը կարող է լինել մի՛ւս կուսակցութեան նկատմամբ:

Ոչ կիսատ, այլ ողջ ճշմարտութիւնն այն է, որ այսօրուայ Հայաստանի հայ բնակչութեան բացարձակ մեծամասնութիւնը գտնւում է թշուառագոյն վիճակում եւ դրա պատճառը միայն շրջափակումները չեն: Բաքուից ու Ղարաբաղից եկած հոծ գաղթականների բերած հոգսերը չեն, Ղարաբաղի հերոսական կռիւներին օգնելու մեր ջանքերն ու սահմանամերձ գօտիները պաշտպանելու համար կրած մեծ ծախսերը չեն: 

Շրջափակո՛ւմ...

Երկրաշա՛րժ...

Անցնում է չորրորդ տարին...

Որբե՛ր, որբե՛ր, գաղթականներ, թափառականներ, մուրացկաններ, պոռնիկներ, գողեր, ոճրագործներ, թմրամոլներ, գործազուրկներ: 

Ինչո՞ւ:

  Գրեց՝  Ստեփան Ալաճաճեան

«Նաւասարդ», Յունուար, թիւ 126, 1993թ.