image

Ատրպէյճանի կողմէ առեւանգուած Վագիֆ Խաչատրեանի դէմ միջազգային հետախուզում առկայ չէ

Ատրպէյճանի կողմէ առեւանգուած Վագիֆ Խաչատրեանի դէմ միջազգային հետախուզում առկայ չէ

Վագիֆ Խաչատրեանի նկատմամբ առկայ չէ միջազգային հետախուզում, իսկ անոր իրաւունքներուն ոչ իրաւաչափ միջամտութիւնը տեղի կ'ունենայ միջազգային-իրաւական երաշխիքներու եւ չափանիշներու խախտմամբ: Այս մասին յայտնած է ՀՀ մարդկային իրաւանց պաշտպան Անահիտ Մանասեան։

«Ի լրումն Մարդու իրաւունքների պաշտպանի տարածած նախորդ հրապարակման՝ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերուած տեղեկութիւններով եւ իրականացուած ուսումնասիրութիւններով հաստատուել է, որ Հայաստան բուժման նպատակով տեղափոխուող եւ ադրբեջանցիների կողմից առեւանգուած Վագիֆ Խաչատրեանի նկատմամբ միջազգային հետախուզական որեւէ համակարգում առկայ չէ վերջինիս հետախուզման վերաբերեալ տուեալ։

Հետեւաբար, այդ մասին Ադրբեջանի դատախազութեան տարածած յայտարարութիւնը չի համապատասխանում իրականութեանը։

Մարդու իրաւունքների պաշտպանն ընդգծում է, որ Վագիֆ Խաչատրեանը միջազգային մարդասիրական պաշտպանութեան տակ գտնուող անձ է, ով ԿԽՄԿ (Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտէ) հովանու ներքոյ Հայաստան էր տեղափոխուում բուժում ստանալու նպատակով։ Ուստի վերջինիս առեւանգումն Ադրբեջանի սահմանապահ ծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրաւունքի կոպիտ խախտում է։

ԿԽՄԿ-ի կողմից հրատապ բժշկական օգնութիւն ստանալու նպատակով անձանց տեղափոխումը ՀՀ համաձայնեցուել է ադրբեջական իշխանութիւնների հետ, որից յետոյ է միայն ԿԽՄԿ-ն կատարել միջազգային մարդասիրական առաքելութիւնը։ Այլ կերպ՝ ադրբեջանական կողմը համաձայնութիւն է տուել մարդասիրական նպատակով անձի տեղափոխմանը՝ այնուհետեւ ոչ իրաւաչափ միջամտութիւն իրականացնելով մարդու հիմնարար իրաւունքներին։

Սոյնով Ադրբեջանը խախտում է 1949 թուականի օգոստոսի 12-ի ժընեւեան կոնվենցիան (համաձայնագիր) եւ Միջազգային զինուած ընդհարումների զոհերի պաշտպանութեան մասին լրացուցիչ արձանագրութեան (Արձանագրութիւն 1) 37-րդ յօդուածը։

Պաշտպանը կարեւոր է համարում շեշտել, որ պետութիւնների կողմից մարդասիրական օգնութիւն ցուցաբերող կազմակերպութեան՝ կոնկրետ (յստակ) դէպքում՝ ԿԽՄԿ-ի մարդասիրական առաքելութեանը խոչընդոտելն անթոյլատրելի է եւ հակասում է նման կազմակերպութիւնների գործունէութեանը վերաբերելի միջազգային-իրաւական սկզբունքներին։

Վերը շարադրուածը հիմք է տալիս եզրակացնելու, որ տուեալ դէպքում գործ ունենք ադրբեջանական իշխանութիւնների կողմից մարդու իրաւունքների կոպտագոյն խախտումների հետ՝ նկատի ունենալով այն, որ չեն պահպանուում մարդու հիմնարար իրաւունքներին միջամտութեան առնչութեամբ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրաւական երաշխիքներն ու չափանիշները։

Վագիֆ Խաչատրեանի իրաւունքների երաշխաւորման հետ կապուած հարցերը գտնուում են Մարդու իրաւունքների պաշտպանի անմիջական ուշադրութեան ներքոյ, եւ այդ հարցով Պաշտպանը կապի մէջ է մարդու իրաւունքների պաշտպանութեան մանտաթ ունեցող միջազգային գործընկերների հետ»,- ըսուած է յայտարարութեան մէջ: