Մենք արդէն մի քանի օր կը գտնուինք շատ լուրջ ճգնաժամի մէջ, այսօր ալ շարունակած է Ատրպէյճանը իր ոչ մարդկային մօտեցումը մեր նկատմամբ եւ դադրեցուցած է կազի մատակարարումը: Այս մասին դիմատետրի իր էջի ուղիղ եթերին յայտարարած է Արցախի պետնախարար Ռուբէն Վարդանեանը:
«Դա նշանակում է, որ մենք պէտք է շատ խնայողական մօտենանք մեր բոլոր էներգիայի ծախսերին: Պէտք է ամէն ինչ անենք, որ փորձենք պահպանել մեր ապրելաձեւը, բայց միւս կողմից հասկանալի է, որ ճգնաժամն իրականութիւն է դարձել բոլորիս համար: մենք բլորս պատրաստ ենք պայքարի, նոյն կարծիքի ենք, որ այս վիճակում պէտք է ցոյց տանք՝ ով է արցախցին, ոնց ենք մենք դիմանում բոլոր մարտահրաւէրներին եւ չենք վախենում ոչ մէկից: Այո, ծանր է լինելու, բայց մենք անցնելու ենք եւ յաղթելու ենք:
Մենք ստիպուած ենք լինելու դպրոցները փակել, վաղուանից չեն աշխատելու այն դպրոցները եւ համալսարանները, որտեղ չկան փայտի վառարաններով տաքացնելու հնարաւորութիւն: Մենք ունենք հնարաւորութիւն պահելու էներգիայի մի մասը տարբեր տեղերում, բայց ամբողջը չենք կարող: Խնդրում եմ բոլորիդ խնայողական լինէք, որովհետեւ չգիտենք, թէ որքան երկար է տեւելու այս իրավիճակը:Մենք ամէն ինչ անում ենք, որ այս ամէնի մասին իմանայ ամբողջ աշխարհը, աշխարհը տեսնի իսկական դէմքը Ատրպէյճանի, որ հասկանան, որ անհնար է իրենց հետ ապրել ինչ-որ ձեւով յարաբերութիւն ունենալով»,-ըսած է Ռուբէն Վարդանեան:
Ան կոչ ըրած է արցախցիներուն ըլլալու ուժեղ եւ հաւատալ, որ պիտի յաղթահարեն այս իրավիճակը:
«Ատրպէյճանցիներն ամենամեծ սխալն են արել, որովհետեւ այս տարբերակով իրենք ոչ մէկին չեն կարող ապացուցել, որ մենք կարող ենք իրենց հետ ինչ-որ ձեւով համախմբուել եւ իրար հետ միասին ինչ-որ բան անել»,-ընդգծած Արցախի պետնախարարը: