Լաչինի միջանցք տեղակայուած ապօրինի անցակէտի մօտակայքը ատրպէյճանական կողմը կտրած է համացանցի հաստ լարը ՝ խափանելով Լեռնային Ղարաբաղի կայուն կապը համացանցի հետ:
Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է Լեռնային Ղարաբաղի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարեան։
«Երէկ՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 17:55-ին, Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայուած ապօրինի անցակէտի մօտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը ՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ:
Երէկ երեկոյեան Արցախի մասնագէտները փորձել են ռուս խաղաղապահների հետ միասին մօտենալ տուեալ հատուածին եւ վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը չի թոյլատրել: Այսօր առաւօտուանից շարունակւում են բանակցութիւնները խաղաղապահների ու ադրբեջանական կողմի միջեւ, որպէսզի մեր մասնագէտները կարողանան վերականգնել վնասուած մալուխը:
Պատահական չեմ համարում, որ այս նոր յանցագործութիւնը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստից յետոյ եւ Արցախի ցեղասպանութեան թեմայով նախատեսուած մամուլի ասուլիսի մեկնարկից բառացիօրէն 5 րոպէ առաջ:
Այս սադրանքի հետեւանքով ասուլիսի արցախաբնակ բանախօսները՝ ԱՀ Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը եւ տեղահանուած քաղաքացի Ալվինա Ներսէսեանը, կարողացել են անկայուն ու այլընտրանքային կապով միանալ միւս երկու բանախօսներին՝ ԱՀ արտաքին գործոց նախարար Սերգէյ Ղազարեանին եւ ՄՔԴ ( Միջազգային քրէական դատարան) առաջին գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օքամփոյին 45 րոպէ ուշացումով:
Ի հեճուկս ադրբեջանական ջանքերի՝ ասուլիսը կայացել է, որին մասնակցել են շուրջ 130 անձինք 27 երկրից: Ի դէպ, այժմ Արցախում խիստ սահմանափակ ծաւալի համացանց է հասանելի՝ անկայուն ռատիոկապի միջոցով, որը նոյնպէս շարունակաբար գտնւում է ադրբեջանական խլացուցիչ համակարգերի ճնշման ներքոյ»,- գրած է Բեգլարեան: