Ատրպէյճանական յարձակումը միտումնաւոր ուղղուած եղած է խաղաղ բնակչութեան եւ կենսական կարեւորութիւն ունեցող քաղաքացիական ենթակառուցուածքներու դէմ։ Այս մասին 14 հոկտեմբերին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի մէջ ԱՊՀ պետութիւններու ղեկավարներու խորհուրդի հերթական նիստի ժամանակ իր ելոյթին մէջ նշած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
Ան նաեւ նշած է. «Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սիւնիքի մարզերից ժամանակաւոր տեղահանուածների ընդհանուր թիւը կազմել է աւելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք եւ ծերեր, ինչպէս նաեւ 1437 երեխայ եւ 99 հաշմանդամ։
Մասնակի կամ ամբողջութեամբ աւերուել է շուրջ 192 բնակելի շէնք, 3 հիւրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատութիւն։ Վնասուել է ելեկտրամատակարարման 7 կառոյց, 5 ջրամատակարարման կառոյց, 3 կազատար, 1 կամուրջ։ Հրաձգութեան է ենթարկուել շտապօգնութեան 2 մեքենայ եւ 4 մասնաւոր մեքենայ։ Գնդակոծուել է նաեւ Կեչուտի ջրամբարը։
Յարձակման հետեւանքով զոհերի եւ անյայտ կորածների թիւն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհուել, 2-ը՝ անյայտ կորել։ Վիրաւորուել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ։ Անյայտ կորած զինծառայողների թիւը 28 է։ Ատրպէյճանական կողմն ինքը տարածել է խոշտանգումների, գերեվարուած անձանց կամ արդէն մահացած զինուորականների մարմինների խեղման շոկային (ցնցիչ) տեսանիւթեր, հայ ռազմագերիների նկատմամբ արտադատական հաշուեյարդարի եւ դաժան վերաբերմունքի բազմաթիւ դէպքեր, սպանութիւնների, ինչպէս նաեւ մահացածների մարմինների նկատմամբ նուաստացնող վերաբերմունք: Հայ կին զինծառայողների մարմինները խեղուել են առանձնակի դաժանութեամբ, ապա «հպարտութեամբ» նկարահանուել ատրպէյճանցի զինուորների կողմից։ Այս ակնյայտ պատերազմական եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների տեսանիւթերը տարածւում են եւ արժանանում սոցցանցերի մի շարք ատրպէյճանցի օգտատէրերի բարձր գնահատականին»: