Եւ աչքերըս պայքարում են
Դէմը մտքին իմ համր ու լուռ,
Արցունքներըս ուրախութեան՝
Լաց արտօսրիս հետ չեն պարում,
Թէկուզ իմ կեանքը նորատենչ
Արդարութի՛ւն է ինքնուրոյն,
Թէեւ այսօր Աստուած լռեց,
Սակայն իմ միտքը՝ չի՛ ներում։
Աչքերըն իմ ժպտուն են հենց,
Նայիր եւ տե՛ս, ինչպէ՜ս ժպտուն,
Ապահով են հիմա այստեղ,
Որպէս թաքուն մի պատմութիւն,
Բայց խորքումը կայ մի սառած,
Մի միտք խոցուած ու լալագին,
Որ չի կարող յառաջանալ,
Ոչ իսկ հպիլ իր նոր կեանքին։
Բառերը չեն որ կը խօսեն
Իմ մոլեռանդ ապշած մտքում,
Ապա՝ ահեղ, մունջ պատկերներ,
Անբերելի տաղը հասուն.
Մի դժոխք բախտ ու տառապեալ
Ժողովուրդ է անդ մնացել,
Այդ բանտումը դեռ շղթայուած,
Սուրիոյ խաչում եւ հանդուրժել։
Աչքե՛րըս իմ ժպտուն են լոկ.
Միթէ ո՞նց են միտք ժպտացնում,
Գուցէ տալիս են նոր եռանդ,
Մի նոր երազ են նըւիրում,
Դեռ անիրաւ, բայց խորամանկ
Ստուերների տակ, անպահակ՝
Ես զգում եմ, մի՜տքըս զգում՝
Տրոփներըս վախով համակ։
Եւ աչքերըս պայքարում են
Դէմը մտքին իմ համր ու լուռ,
Արցունքներըս ուրախութեան՝
Լաց արտօսրիս հետ չեն պարում,
Թէկուզ իմ կեանքը նորատենչ
Արդարութի՛ւն է ինքնուրոյն,
Թէեւ այսօր Աստուած լռեց,
Սակայն իմ միտքը՝ չի՛ ներում։
Կայլակ