image

Ահաբեկության փորձ Երեւանում՝ Ծաղկազարդի տոնական օրը

 Ահաբեկության փորձ Երեւանում՝ Ծաղկազարդի տոնական օրը

Ծաղկազարդի տոնական օրը, երբ  ավարտվում էին արարողությունները, ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետեւանքով ներխուժող անձանցից 2 հոգի՝ 52-ամյա եւ 56-ամյա տղամարդիկ, վիրավորվել են իրենցիսկ գործողություններից եւ տեղափոխվել հիվանդանոց: Մեկ հոգին երկար ժամանակ զինված մնացել է Ոստիկանության բաժնի դիմաց: 

Ուժային կառույցների ներկայացուցիչներ են ժամանել շենքի մոտ, որոնք երկար ժամանակ բանակցել են զինված տղամարդու հետ: Նա սպառնում էր պայթեցնել ձեռքի նռնակը՝ պահանջելով ազատ արձակել իր ընկերներին:

Մինչ այդ «Մարտական եղբայրության» 49 անդամ այսօր բերման էր ենթարկվել ոստիկանություն։ Նրանք այսօր այց էին նախատեսել՝ Վերին Ոսկեպար, միաբանության խոսքով, մարտավարական պարապմունքների։ Շատերը Նոր Նորքի Ոստիկանության բաժանմունքում եղածը կապեցին «Մարտական եղբայրության» 49 անդամի բերման ենթարկելու հետ, սակայն միաբանությունից հերքեցին իրենց առնչությունը դեպքի հետ՝ նշելով, որ բերման ենթարկված իրենց բոլոր անդամներն ազատ են արձակվել: 

Ժամը 19:00-ին ոստիկանները, առանց հրազենի կիրառման, վնասազերծել են զինված տղամարդուն, որի ձեռքին նռնակ կար, նրան տեղափոխել են բաժին, ներխուժման փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ահաբեկչության հատկանիշներով: 

Դեռեւս պարզ չէ, թե նռնակով զինված տղամարդն ինչ պահանջ ուներ: Հայտնի է նրա ինքնությունը. զինվածը Ս. Հովակիմյանն է: