Ինժեներների եւ գիտնականների հայկական ասոցիացիայի՝ AESA-ի 22-րդ ամենամյա գիտական օլիմպիադային դպրոցականները այս անգամ նույնպես հետաքրքրությամբ մասնակցել են: Ինչպես տեղեկացանք՝ Երեւանի հ.4 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Պարույր Հարությունյանը ֆիզիկայի բնագավառի միջազգային մրցույթին ներկայացրել է իր նախագիծը: Այն կոչվում է «Գաուսի թնդանոթ»։Միջազգային փորձառու գնահատողների կողմից Պարույրն արժանացել է IV կարգի պատվավոր մրցանակի՝ 2 ամերիկացի եւ1 հայ պատանուց հետո։ Աշխատանքը գնահատվել է՝ հաշվի առնելով ստեղծարարությունը, գիտական մոտեցումը եւ ներկայացումը:
Այնուհետեւ Պարույր Հարությունյանը իր գյուտը ներկայացրել է հարազատ դպրոցում՝ արժանանալով հիացմունքի եւ գովաբանության։
AESA-ն անկուսակցական եւ աշխարհիկ բարեգործական կազմակերպություն է, որը կենտրոնացած է աշխարհասփյուռ հայերի մասնագիտական, տեխնիկական, գիտական եւ այլ կարիքների բավարարմանը։ AESA-ի ստեղծման գաղափարն ի սկզբանե ծագել է որպես համաշխարհային հայկական գիտական կազմակերպության երազանք՝ բոլոր ինժեներների համար հարթակներ ստեղծելու նպատակով, հայկական ծագում ունեցող գիտնականներին եւ արդյունաբերողներին, շփվելու, փոխգործակցելու եւ միմյանց օգնելու միջոցներ տրամադրելով: Կազմակերպությունը միավորում է բոլոր հայերին ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից։