2026-ի առաջին ամիսներուն Հայաստանի մէջ Գերմանիոյ դեսպանատան մէջ հերթեր պիտի չըլլան։ Այս մասին դեկտեմբեր 10-ին Գերմանիոյ մէջ հայ լրագրողներուն յայտնած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը։
«Երէկ շատ կարեւոր նորութիւն իմացանք Բեռլինում, երբ Գերմանիայում ՀՀ դեսպանն ասաց, որ յունուարից կամ փետրուարից Գերմանիայի դեսպանատանը հերթեր չեն լինի։
Մենք բաւականին երկար ժամանակ աշխատում ենք Եւրոպական Միութեան մեր գործընկերների հետ՝ ասելով, որ մարդիկ մեզ չեն հասկանում։ Որովհետեւ ասում են, թէ լուրերով նայում են ու լսում, որ ԵՄ-ի հետ յարաբերութիւնները կարգաւորուել են, բայց միայն վիզա ստանալու դիմում ներկայացնելու համար ստիպուած են 10 ամիս սպասել»,- ըսած է վարչապետը։
Փաշինեանը յոյս յայտնած է, որ այս շղթան պիտի շարունակուի նաեւ միւս դեսպանատուներու պարագային։
Այս պարունակին մէջ Փաշինեանը յիշեցուցած է տնտեսական եւ բարեկեցութեան մակարդակի աճի մասին, նշելով, որ 2018-ի համեմատ դէպի Եւրոպական Միութիւն ուղեւորութիւնները 400-500 տոկոսով աճած են, իսկ դեսպանատուներու մէջ 10 ամիսով հերթեր են։
«Այդ ոնց է՝ մարդը ծակ կօշիկով, ձեռքերը թափ տալով, սոված-ծարաւ, Գիքորի նման գնում է Հռո՞մ կամ Բեռլի՞ն։ Մարդիկ այսօր Սեւանի փոխարէն գնում են Եւրամիութիւն, բայց մարդիկ ասում են՝ կառավարութիւնը նկարում է բարեկեցութեան աճի մասին թուերը»,-ըսած է վարչապետը։