Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին։ Սա, անշուշտ, բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով, որ 19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում, առկա է անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտություն, և միաժամանակ տարածվում են խեղաթյուրված պատմական նարատիվներ։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ փետրվարի 23-ին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան հատվածին իր ելույթի ժամանակ։
«Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»,-ասել է նախարարը։
Արարատ Միրզոյանի խոսքով՝ տասնամյակներ տևած զինված հակամարտություններից և մարդասիրական ճգնաժամերից հետո Հայաստանը և Ադրբեջանը վճռական քայլեր ձեռնարկեցին տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ։
«Անցյալ տարի Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովը ոչ միայն խաղաղություն հաստատեց երկու երկրների միջև, այլև ճանապարհ հարթեց առևտրի, փոխկապակցվածության և մարդկանց միջև շփումների համար։ Այս ուղին կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնություններից անդին տանելու նպատակով մենք նաև սերմանում ենք մեր հասարակությունների, այդ թվում՝ տուժած բնակչության միջև իրական երկխոսության և վստահության հիմքերը»,-ասել է նախարարը։
Անդրադառնալով հիբրիդային սպառնալիքներին, Միրզոյանը շեշտել է, որ հայ հասարակությունը ևս անմասն չէ ապատեղեկատվության, մանիպուլյացիաների և արտաքին միջամտության հզոր ալիքից։
«Դրանք թիրախային, համակարգված և ոչ բարեկամական արշավներ են, որոնք միտված են հասնելու հստակ նպատակների, այդ թվում՝ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների արդյունավետ իրացման նկատմամբ մեր քաղաքացիների վստահության խաթարմանը։ Այս մարտահրավերներին դիմակայելը դարձել է մեր ամենօրյա աշխատանքը՝ ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդման միջոցով։
Տարիների ընթացքում իրականացված նշանակալի բարեփոխումները, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների վրա հիմնված քաղաքականության առավել բարձր մակարդակը, ինչպես նաև թափանցիկ ու հաշվետու ինստիտուտներն ապահովել են զարգացման շոշափելի արդյունքներ, որոնք արտացոլված են նաև միջազգայնորեն ճանաչված ինդեքսներում։ «Freedom House»-ի «Ազատությունն աշխարհում 2025» զեկույցում Հայաստանը ստացել է 100-ից 54 միավոր՝ բարձր ցուցանիշներ արձանագրելով քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտներում։
Նշանակալի արդյունք է նաև այն, որ 2025թ. Հայաստանը զբաղեցնել է 34-րդ հորիզոնականը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս – 2025» զեկույցում՝ արձանագրելով զգալի առաջընթաց նախորդ տարվա 43-րդ տեղի համեմատ։
Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գլոբալ գենդերային խզման 2025թ.» զեկույցի համաձայն՝ Հայաստանն առաջատար երկրների շարքում է կանանց կրթական մակարդակի ցուցանիշով և արձանագրել է կանանց ներկայացվածության կայուն աճ քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում։
Մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների համակարգված և արդյունավետ իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությանը համահունչ՝ անցյալ տարի գործարկվել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմի թվային գործիքը՝ Հայաստանի մոնիտորինգային թվային հարթակը (AI-NEMRA)։ Այն կենտրոնացված համակարգ է, որը միավորում է մարդու իրավունքների ոլորտում միջազգային և տարածաշրջանային մեխանիզմների կողմից ներկայացված առաջարկությունները։
Հայաստանի ներգրավվածությունը, սակայն, չի սահմանափակվում միայն իրականացման ներպետական շրջանակներով։ Մենք ձգտում ենք էական ներդրում ունենալ միջազգային իրավունքի ամենածանր խախտումների դեմ ուղղված համաշխարհային պաշտպանական մեխանիզմների ամրապնդման գործում։ Այս համատեքստում, Մարդու իրավունքների խորհրդի ընթացիկ նստաշրջանում Հայաստանը ևս մեկ անգամ կներկայացնի «Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ» բանաձևը։ Այս բանաձևի աստիճանական զարգացումը արտացոլել է մարդու իրավունքների միջազգային իրավունքի, միջազգային հումանիտար իրավունքի և միջազգային քրեական իրավունքի խաչմերուկում ի հայտ եկող նոր մարտահրավերները և համախմբել է միջազգային կոնսենսուսը դրանց հասցեագրման միջոցների շուրջ։ Բոլոր անդամ պետությունների աջակցությունն այս կարևոր բանաձևին կլինի ցեղասպանության արհավիրքին վերջ դնելու մեր ընդհանուր պարտավորության խիստ անհրաժեշտ ազդակ»,- ասել է նախարարը։