«Անուշ» օպերայի պրեմիերան կայացավ 1912 թվականի օգոստոսի 4-ին՝ Ալեքսանդրապոլում: Սարոյի դերակատարն էր Շարա Տալյանը, իսկ Անուշին մարմնավորում էր Աստղիկ Մարիկյանը: Քաղաքի համերգային դահլիճը լեփլեցուն էր: Ում չէր հաջողվել դահլիճ մտնել, օպերան լսում էր բաց պատուհանների մոտ կանգնած: Այդ տարիներին գրեթե միջոցներ չկային պատշաճ բեմադրություն ստեղծելու համար: Վատն էր ակուստիկան, 12 երաժշտից բաղկացած փոքրիկ նվագախումբ էր, հագուստն ու դեկորացիան խիստ համեստ էին: Նվագախմբի երաժիշտները շատ երիտասարդ էին, որոնք թեկուզ լավ էին կատարում, բայց չունեին համապատասխան մասնագիտական հմտություններ: Եվ չնայած այս բոլոր բացթողումներին, հանդիսատեսը կարողացավ զգալ օպերայի ուժն ու շքեղությունը: