Վարչապետ, Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի՝ խորհրդի կողմից նշանակված գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մկրտչյանին:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արման Խաչատրյանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում կատարած ծավալուն գործունեության համար և նշել, որ որևէ դժգոհություն չունի նրա աշխատանքից: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Արման Խաչատրյանն իր հետագա գործունեությունը կշարունակի ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնում:
Ներկայացնելով Կարեն Մկրտչյանին՝ վարչապետը նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ պարոն Մկրտչյանն ունի հարուստ աշխատանքային փորձ: «Ես Կարէն Մկրտչյանին եմ ներկայացրել իմ տեսլականն ու ծրագրերը, որոնք պետք է իրականացնի հիմնադրամը: Համոզված եմ, որ նա իր գիտելիքներն ու փորձն առավելագույնս կներդնի՝ հիմնադրամի գործունեությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու և մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Հիմնադրամի գործունեության ոլորտում ունենք լուրջ անելիքներ և համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք արձանագրել լուրջ արդյունքներ»,- ասել է վարչապետը, տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքէջից:
Նշենք, որ Կարեն Մկրտչյանը լիբանանահայ է, նա վերջին տարիներին տեղափոխվել էր Կանադա: