Փետրվարի 12-ին Միացյալ Արաբական Էմիրության խոշոր քաղաքներից մեկի՝ Դուբայի Առևտրի Համաշխարհային կենտրոնում տեղի կունենա աշխարհահռչակ հայ երգիչ Շառլ Ազնավուրի համերգը: Դուբայի կարևոր կենտրոններում արդեն տարածվել են երգչի համերգի ազդագրերը, որոնցում նշված է, թե երգիչը ԱՄԷ-ում երգելու է առաջին անգամ: Կազմակերպիչները Շառլ Ազնավուրի համերգը նվիրել են Սիրահարների օրվան՝ Սուրբ Վալենտինի տոնին:
Լեգենդար երգչի տոմսերի գները հասնում են մինչև 1,095.00 դիրհամ (մոտ 300 ԱՄՆ դոլար): Համերգը տեղի է ունենալու Առևտրի համաշխարհային կենտրոնի շքեղ սրահներից մեկում՝ «Շեյխ Ռաշիդ» սրահում:
«Նա ֆրանսիական ծագումով աշխարհահռչակ հայ երգիչ է, Հայաստանի հանրապետության դեսպանը՝ Շվեյցարիայում»,-երգչի կենսագրության այլ կարևոր դրվագների հետ նշված է համերգի առթիվ հրատարակված գրքույկում: