«Արեւելքի» տեղեկություններով Ստամբուլում պատրաստվում են եկեղեցական բարիգալստյան հատուկ արարողության՝ «Հրաշափառի», որով դիմավորելու են Պոլսո պատրիարքության նորընտիր տեղապահ Գարեգին արք. Բեքչյանին: Վերջինս այս օրերին գտնվում է Գերմանիայում, ուր հայկական համայնքի հոգեւոր առաջնորդն է: Նա առաջնորդարանում վերջին կազմակերպչական աշխատանքներն է կատարում, որից հետո Պոլսի հայոց պատրիարքականում ստանձնելու է տեղապահի աթոռը:
Ինչպես հայտնի է՝ պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանը հայտարարել է, որ պատրաստ է աթոռը զիջել տեղապահի ընտրություններում հաղթած Գարեգին արք. Բեքչյանին եւ նրան հատուկ արարողությամբ դիմավորել Ստամբուլում: Մինչ այդ, հիշեցնենք, Արամ արք. Աթեշյանը չէր հեռանում պատրիարքարանից, պատճառաբանելով, թե թուրքական իշխանությունները չեն ընդունում ընտրության արդյունքը եւ իբրեւ հայկական կողմի ներկայացուցիչ ընդունում են միայն իրեն: Համայնքում առաջացած փակուղին հաղթահարելու համար, բանակցությունների արդյուքնում թուրքական իշխանությունները նույնպես պատրաստ են գնալ զիջումների եւ ընդունել ընտրված տեղապահին:
«Հրաշափառի« արարողությունը տեղի է ունենալու Պոլսո պատրիարքության աթոռանիստ եկեղեցու մուտքի մոտ: