Օվկիանոսի ծփացող ալիքները 72-ամյա Օննիկ Գավուքյանին հիշեցնում են Եգիպտոսը, որտեղ ժամանակին ծովի ալիքների մեջ եղբոր հետ վազվզում էին, խաղում: Մանկության պատառիկները վերադառնում են հիշողություններում, իսկ ֆոտոխցիկը վավերացնում է ներկան: Ամեն մի օրը նրա լուսանկարչական ապարատի շնորհիվ դառնում է պատմություն:
Այսօր այդ պատմություններում բնաշխարհն է, Վանկուվերի Պարսկվիլ կոչվող կղզին, որտեղ ճախրում են թռչունները՝ վաստակաշատ լուսանկարչի օրերը դարձնելով բովանդակալից, ստեղծագործ ու բացահայտումներով լի: «Շատ բավականություն եմ ստանում լեռները, ձորերը, արծիվները նկարելուց, սիրահարվել եմ արծիվներուն. Ժամանակս` թե’ իբրև անձ, թե’ իբրև նկարիչ դեռ գալիս է, ոչ թե եկել-անցել է, ես մտածում էի, որ երբ աշխատում ես, դրամ ես շահում, ան է կյանքը, բայց` ոչ»,-ասում է Օննիկ Գավուքյանը:
Ավելի քան կեսդարյա լուսանկարչական ճանապարհ անցած արվեստագետը բացահայտում է այս արվեստի նորանոր կողմերը, կարծում է, որ ոչ թե անցած երիտասարդ տարիներին է ապրել իրական կյանքը, այլ հիմա, երբ Տորոնտոյից տեղափոխվել է Վանկուվերի այս կղզին, հանգիստ ու ապահով պայմաններում աշխատում է ու ապրում:
Օննիկ Գավուքյանը կանադահայ լուսանկարչական գերդաստանի երրորդ սերնդի ներկայացուցիչն է, հայտնի Գավուք լուսանկարչական ընկերության շառավիղը, որ 1967թ-ի մայիսի մեկին 6 ամսով հայրիկին օգնելու մտադրությամբ մտավ նրա արհեստանոց, և այդ 6 ամիսը դարձավ 55 տարի: Այս տարվա մայիսի 1-ին Գավուքյանը մտադիր է նշել իր գործունեության 55-ամյակը, աշխատանք, որի ամեն մի օրը տրամադրություններով հարուստ է եղել:
17-ամյա Օննիկը շատ երազանքներ ուներ, ուզում էր դառնալ ֆուտբոլիստ, ճարտարապետ, բայց հանգամանքների բերումով ընտրեց այս ուղին, որի բացակայության պարագայում վստահաբար շատ կորուստներ կունենար: «Նկարչությունը ինծի ճամփա մը եղավ, որ ծանոթանամ շատ անձերու հետ, որ հեշտ չէր: Հայրիկս, մայրիկս և ես Բրեժնևին նկարել էինք, վերջն էլ մի քանի ամիս վերջը Կրեմլ գնացինք նկարը նվիրելու Բրեժնևին, իր հետ ծանոթացա»,-հիշում է լուսանկարիչը:

Չէր լինի Լեոնիդ Բրեժնևին նկարելու այս պատմությունը, եթե Օննիկ Գավուքյանը չկարողանար լուսանկարչության միջոցով բացահայտել մարդու ներաշխարհը, հուզականություն փոխանցել նկարվողին ու դա վերստանալ լուսանկարի միջոցով: Օրինակ է բերում.
«Բրեժնևը երբ եկավ Քոչինյանի սենյակը նկարվելու, բոլորը վախենում էին իրմե, բայց ինձ համար կարևոր է, որ մեկը, որ մեծամեծ է, իրեն մոտենալ, և մեկը, որ բարձր մակարդակի է, նույն մակարդակին իջնե: Երբեք վախով չէի մոտենում: Բրեժնևը, որ այսպիսի վախ էր ստեղծում մարդոց մեջ, եթե ես լավ նկարիչ չլինեի, ինձ պիտի չձգեր, որ նկարեի իրեն, հակառակ, ինձ համար ուրախություն մըն է, որ մեծամեծը նկարեմ, երբեք ես վախ կամ էլ երկյուղը չունեմ»:
Իսկ Բրեժնևին լուսանկարելը հիշարժան ու թանկ միակ հիշողությունը չէ Գավուքյանի համար: Նրա ճանապարհին հանդիպել ենուրիշ մարդիկ, որոնց լուսանկարելը հարազատ զգացողություններ է արթնացրել նկարչի հոգում, ինչպիսիք են Անաստաս Միկոյանը, Մարշալ Բաղրամյանը, իր ընկեր սահմանապահ զորքերի հրամանատար Լևոն Ստեփանյանը և այլք:




17 անգամ առիթ է ունեցել Հայաստան այցելելու, լուսանկարել է ու պահել հիշողություն երբեմն հայրենիքից կարոտն առնելու համար, իսկ այդ հուշերում հետաքրքրաշարժ պատմություններ են: Հիշում է.
«Մարշալ Բաղրամյանի տունը գնացինք, ինքը նստել էր թիկնաթոռին, ետևը, ուր որ գլուխը պիտի երթար, էնտեղը մի նկար կար, գեներալ Անդրանիկի դեմքը: Ես նկարում էի և մտածեցի, որ եթե երրորդ մեծ հայր մը պիտի ունենայի, պիտի ուզեի, որ գեներալ Մարշալ Բաղրամյանը լիներ, այդպիսի լավ զգացում ունեի»:
Մայիսին իր ստեղծագործական գործունեության 55-ամյակը նշելուց հետո մտադիր է Հայաստան այցելել, դեսպան Լևոն Մարտիրոսյանն է նրան առաջարկել այնտեղից էլ մեկնել պատմական Հայաստան ու լուսանկարել: